ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ս.թ. հունիսի 26-ին տեղի ունեցավ Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի հերթական գիտագործնական սեմինարը: Օրակարգում ներկայացված էին երկու զեկույցներ:
«ՀՀ կայուն զարգացումը և նպատակների փոխակերպման հիմնախնդիրները» թեմայով զեկույցով հանդես եկավ տնտեսագիտության դոկտոր, Կառավարման և գործարարության ամբիոնի պրոֆեսոր Հայկ Սարգսյանը: Բանախոսը ներկայացրեց «ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի» կայուն զարգացման նպատակների որոշակի խոցելիությունը և հիմնավորեց տրանսֆորմացիայի անհրաժեշտությունը՝ մեջբերելով նաև ՄԱԿ-ի «Կայուն զարգացման լուծումներ» ցանցի (SDSN) առաջարկը, ըստ որի ազգային զարգացման ռազմավարությունները պետք է ներառեն որոշակի փոխակերպումներ մինչև 2050 թվականը:
Ըստ այդմ՝ տրվեց մեկնարկ հետազոտական նոր ծրագրի իրագործման, որում ենթադրվում է լավարկել գնահատման ԿԶՆ ինդեքսը՝ այն նոր՝ «Սահմանադրականություն» և «Անվտանգություն» բաղադրիչների ներմուծմամբ լրացնելու և վերազինելու միջոցով:
Իր զեկույցում պրոֆեսոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց «ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի» տրանսֆորմացիայի կոորդինատների համակարգը և տրանսֆորմացիան գեներացնող կառուցակարգերի լավարկման մեթոդաբանությունը:
Հնչեցին հարցեր ԿԶՆ ինդեքսի բարելավման մեթոդաբանության, նրանում ռազմական և դիվանագիտական անվտանգության փոխադարձ փոխարինող և փոխլրացնող բաղադրիչների գնահատման վերաբերյալ: Կայուն զարգացման համատեքստում ծավալվեց քննարկում, որում շեշտադրվեց գնահատումների ու կանխատեսումների նոր՝ առավել իրատեսական և պակաս խոցելի համակարգի մշակման, ինչպես նաև տարածաշրջանում «Խաղաղության խաչմերուկի» հնարավոր գործարկման հետևանքով առաջացող խնդիրների ու ընձեռած նոր հնարավորությունների վերլուծության կարևորությունը:
Զեկուցմամբ հանդես եկավ նաև տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը, ով ներկայացրեց Տնտեսության թվային վերափոխումների կարգավորումը ՀՀ-ում. գործիքներ և ռեժիմներ | YSU դրամաշնորհային ծրագրի արդյունքները:
Պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանի մեկնաբանությամբ ընդգծվեցին թվային տեխնոլոգիաների դերն ու կարևորությունը կառավարման ժամանակակից համակարգերում, ներկայացվեցին էլեկտրոնային կառավարման համակարգերի արդյունավետության գնահատման՝ ինստիտուցիոնալ և տեխնիկական գործոնների ազդեցության էմպիրիկ վերլուծությունները, որոնք ստացվել են հետազոտության արդյունքում՝ իրականացված էլեկտրոնային կառավարման համակարգերի համար 193 երկրների ընտրանքում:
Պրոֆեսոր Ռ. Գևորգյանը շեշտեց կատարված հետազոտության նպատակը, այն է՝ ստուգել հանրային կառավարման գործընթացներում տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների արդյունավետության վարկածը։
Զեկույցի ավարտին հնչեցին հարցեր, սեմինարին ներկա գիտնականների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ քննարկումներ ծավալվեցին նաև այն մասին, թե ինչպես է էլեկտրոնային կառավարման համակարգը կախված տեղեկատվական տեխնոլոգիաների և ինստիտուցիոնալ զարգացման մակարդակներից։
Սեմինարի կարևորությունը ընդգծեց նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը՝ նշելով նմանօրինակ սեմինարների շարունակականության ապահովման, գիտագործնական կապերի զարգացման ու նոր հնարավորությունների ձևավորման անհրաժեշտությունը՝ ի նպաստ գիտական ներուժի և առկա հնարավորությունների շարունակական զարգացման և կատարելագործման ապահովմանը։
Հիշեցնենք, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է գիտագործնական սեմինարների շարք։ Սեմինարներին մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՀՀ այլ համալսարանների պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և ասպիրանտներ։