Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, «Կառավարում» կրթական ծրագրի ղեկավար Նարինե Միրզոյանը ԵՊՀ պատվիրակության կազմում մասնակցեց Ստրասբուրգի համալսարանի (Ֆրանսիա) կազմակերպած «Բակալավրի կրթության բարեփոխումը հանուն կանաչ և կայուն զարգացման Հայաստանում և Մոլդովայում» միջազգային աշխատաժողովին, որն անցկացվեց ս.թ. հուլիսի 2-5-ը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակում։
Աշխատաժողովին մասնակցելու նպատակներն էին կրթական ծրագրերի բարելավումն ու միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը, միջազգային հարաբերությունների ամրապնդումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև նոր գաղափարների ուսումնասիրումը։ ԵՊՀ պատվիրակության կազմում էին նաև Բակալավրիատի բաժնի վարիչ Մարինե Ստեփանյանը, տեղակալ Աննա Արբաջյանը, Կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի վարիչ Վահագն Ագլյանը, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանը։
Իր առանցքում ունենալով «կանաչ» կրթության քաղաքականությունը՝ միջազգային աշխատաժողովը միտված էր նպաստելու ԵՊՀ-ում ավանդական կրթական ծրագրերից անցում կատարելու ապագային միտված կրթությանը, որն ուսանողների շրջանում կձևավորի «կանաչ» հմտություններ և «կանաչ» կենսակերպ:
Բակալավրիատի կրթական ծրագրերի բարեփոխումների գործընթացը հնարավորություն կտա անցում կատարելու ավանդականից դեպի ներառական, թվային և կանաչ ուղղվածություն ունեցող ուսումնական ծրագրերի՝ զարգացնելով ուսանողների հմտությունները «կանաչ» բիզնեսի ոլորտում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, ապահովելով նրանց՝ գործարար միջավայրում և դրանից դուրս «կանաչ» և թվային փոխակերպումների վերաբերյալ գիտելիքներով և կարողություններով:
Աշխատաժողովին քննարկվեցին տարբեր թեմաներ՝ կապված կայուն զարգացման և կայուն էկոլոգիական անցումների, միջառարկայական խմբային նախագծերի, բնական ռեսուրսների կայունության խնդիրների, շրջանաձև տնտեսության կառուցման հետ: Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականից և կտևի մինչև 2027 թվականը:
Այցի շրջանակում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Նարինե Միրզոյանը հանդիպում ունեցավ նաև Ստրասբուրգի համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կլոդ Գիթարդի հետ:
Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված երկկողմ և բազմակողմ ձևաչափերով նոր գործակցության հնարավորություններն ու հեռանկարները, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, նախանշվեցին համատեղ նախագծերի իրականացման ուղղությունները:
Կողմերը վստահություն հայտնեցին, որ կկարողանան համատեղ մի շարք ծրագրեր իրականացնել՝ նպաստելով գիտակրթական բնագավառի արդյունավետության բարձրացմանը և գործընկերային կապերի ամրապնդմանը:
Ն. Միրզոյանը օտարերկրյա գործընկերներին հրավիրեց մասնակցելու աշնանը Երևանում կազմակերպվող ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողովին:
Գործուղման շրջանակում ԵՊՀ պատվիրակությունն այցելեց նաև Եվրախորհրդարան:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը շարունակում է ընդլայնել միջազգային գործակցության շրջանակը՝ ակտիվացնելով գիտակրթական կապերը միջազգային հեղինակավոր համալսարանների և կազմակերպությունների հետ: