ԵՊՀ 6-րդ մասնաշենքի (Սև շենքի) դահլիճում տեղի ունեցավ առաջինկուրսեցիների դիմավորման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման սկզբում հնչեց Երևանի պետական համալսարանի հիմնը:
Ներկաներին ողջունեց և շնորհավորական ուղերձով հանդես եկավ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը:
«Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը արդեն 90-րդ անգամ իր դռները բացեց ուսանողների առաջ:
90-ամյա փորձառնությամբ, բայց և միշտ երիտասարդ ու զարգացող ֆակուլտետում ուսումնառությունը կազմակերպվում է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան:
Լավագույն ավանդույթները զուգակցելով տնտեսագիտական մտքի նորագույն նվաճումների հետ` Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը շարունակում է զարգանալ:
Այն որակյալ տնտեսագետ-կադրերի պատրաստման կարևորագույն կենտրոն է, որն ընթանում է ուսանողակենտրոն ուսուցման ժամանակակից մեթոդների ներդրման ճանապարհով:
Երևանի պետական համալսարանը ամենահին և խոշորագույն համալսարանն է մեր երկրում, իսկ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը համալսարանի առաջատար ֆակուլտետներից մեկը: Այն Հայաստանի և տարածաշրջանի ամենաբարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններից է, որտեղ ստացած կրթությունը հնարավորություն է տալիս դառնալու մրցունակ մասնագետ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև՝ ամբողջ աշխարհում:
Երևանի պետական համալսարանը լավագույն ընտրությունն է նրանց համար, ովքեր ցանկանում են Հայաստանում բարձրորակ կրթություն ստանալ, մասնագիտական ոլորտում շարունակական առաջընթաց գրանցել և աշխատաշուկայում առաջատար ու պահանջված մասնագետ դառնալ:
Ֆակուլտետի շրջանավարտները զբաղեցնում են մեր երկրի գրեթե բոլոր բարձր պաշտոնները (նախագահ, նախարարներ և փոխնախարարներ, պատգամավորներ, դեսպաններ, Կենտրոնական բանկի նախագահներ, առևտրային բանկերի ղեկավարներ, հաջողակ գործարարներ, հեղինակավոր գիտնականներ, դասախոսներ և այլն):
Ի հավելումն մասնագիտական խոր գիտելիքների՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն իր ուսանողներին տալիս է նաև համալսարանական լինելու բարձր կոչումը:
Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, սա մեծ պատիվ է ձեզ համար, բայց միևնույն ժամանակ՝ մեծ պատասխանատվություն: Եղե՛ք հավատարիմ այդ պատասխանատվությանը և միշտ բա՛րձր պահեք համալսարանական լինելու կոչումը»:
Դեկանը նաև ընդգծեց, որ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում դասավանդում են ոլորտի առաջատար մասնագետներ՝ պրոֆեսորներ, գիտությունների դոկտորներ և թեկնածուներ, ՀՀ պետական պարգևների և մասնագիտական ոլորտում պատվավոր կոչումների արժանացած վաստակավոր դասախոսներ: Ֆակուլտետում համատեղության կարգով դասավանդում են նաև ՀՀ պետական կառավարման, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտի և առաջատար կազմակերպությունների մասնագետներ, հասարակական գործիչներ և մեծանուն գիտնականներ:
Առաջինկուսեցիներին ողջունեցին նաև ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ալեքսանյանը, դեկանի տեղակալ, դոցենտ Նարինե Միրզոյանը և ամբիոնի վարիչները՝ հորդորելով լավ սովորել և չվախենալ դժվարություններից:
Ուսանողներին շնորհավորանքի ջերմ խոսք հղեց նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Վերգինե Դանիելյանը՝ խորհուրդ տալով օգտվել համալսարանի ընձեռած բոլոր հնարավորություններից և ամեն ինչ անել ի նպաստ հայրենիքի բարօրության և զարգացման։
Բարի գալուստ ԵՊՀ, բարի գալուստ մեր մեծ, համերաշխ ընտանիք: Թող այս ընտանիքում իրականանան Ձեր բոլոր երազանքները: Շնորհավորում ենք բոլորիդ Երևանի պետական համալսարանի առանցքային ֆակուլտետներից մեկի ուսանողը դառնալու կապակցությամբ: Բարի երթ և կանաչ ճանապարհ։