ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի ասիստենտ Հասմիկ Դովլաթյանը ս.թ. հոկտեմբերի 7-9 մասնակցեց Հայաստանի բանկերի միության ուսումնական և որակավորման կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «ESG (ՄՍԿ) ռազմավարություն, փոխակերպում և իրականացում» թեմայով եռօրյա դասընթացին:
Դասընթացավարը Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոցի ESG փորձագետ Լարիսա Մելնիկն էր: Դասընթացի շրջանակում ներկայացվեցին և քննարկվեցին ESG օրակարգը և ընկերությունների ESG-փոխակերպումը, կայուն զարգացման հիմունքները, գլոբալ մարտահրավերները, հիմնական հասկացություններն ու սկզբունքները: Անդրադարձ կատարվեց ESG ռազմավարությանը և դրա շրջանակում նպատակների սահմանմանը, ռիսկերի կառավարմանը և մի շարք այլ հարցերի:
Նշենք, որ Հայաստանի բանկերի միությունը համագործակցում է Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոցի (Frankfurt School of Finance & Management) հետ՝ վերջինիս կրթական ծրագրերը Հայաստանի մասնագետներին արտոնյալ պայմաններով հասանելի դարձնելու նպատակով: Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոցը Եվրոպայի առաջատար, աշխարհի լավագույն բիզնես դպրոցներից մեկն է կառավարման և ֆինանսական կրթության ոլորտում:
Կարևորելով մասնագիտական զարգացումը՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը մշտապես հնարավորություն է ընձեռում դասախոսներին մասնակցելու մասնագիտական աճը խթանող տարաբնույթ դասընթացների, որոնք նպաստում են պահանջված և մրցունակ մասնագիտական կրթական ծառայությունների մատուցմանը։