ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները ս.թ. նոյեմբերի 11-ին այցելեցին «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ի գուլպաների արտադրամաս։
Այցի շրջանակում ուսանողները ծանոթացան «Ալեքս Տեքստիլ» ընկերության պատմությանը, ընկերության կայուն զարգացման, արտադրանքի որակի և տեխնոլոգիական գործընթացների վերահսկողության, արտադրողականության կառավարման, արտադրության ինտենսիֆիկացման, աշխատանքի անվտանգության ապահովման ծրագրերին։
Շրջայցի ընթացքում ուսանողներին ներկայացվեց արտադրանքի թողարկման ողջ տեխնոլոգիական շղթան՝ սկսած օգտագործվող թելերի տեսակներից մինչև պատրաստի արտադրանքի փաթեթավորում։ Շրջայցն ուղեկցվում էր մասնագիտական բացատրություններով, մեկնաբանություններով, հարց ու պատասխաններով։
Այցը պրոֆեսոր Վ․ Աբրահամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Արտադրության մենեջմենթ» առարկայի շրջանակում։
Նշենք, որ «Ալեքս Տեքստիլ»-ը տարածաշրջանի խոշորագույն ընկերություններից է, որը հիմնադրվել է 2015 թվականին և շատ կարճ ժամանակահատվածում կարողացել գրավել ոչ միայն տեղական շուկան, այլև մեծ հետաքրքրություն է առաջացրել արտաքին շուկայում: