ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տնտեսագիտություն» կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողները ս.թ. նոյեմբերի 20-ին դոցենտ Հասմիկ Մարգարյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի Հանրապետությունում ավելի քան 10 տարի կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր կառավարող «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ:
Այցի շրջանակում ընկերության աշխատակիցները ուսանողներին ծանոթացրին պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ցե-Կվադրատ Ամպեգա» ընկերության ծավալած գործունեությանը՝ լուսաբանելով ակտիվների կառավարման այն ծառայությունները, որոնք ընկերությունը, միջազգային լավագույն փորձին համահունչ, մատուցում է կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներին:
Ուսանողներին համապարփակ կերպով ներկայացվեց ընկերության կողմից առաջարկվող ներդրումային տարբեր ռազմավարությամբ երեք կենսաթոշակային՝ կայուն եկամտային (CQFIX), պահպանողական (CQCON), հավասարակշռված (CQBAL) և երկու ներդրումային՝ «Ցե-Քյու Արմենիա գրոութ» (CQAG), սոցիալական ֆոնդերի գործունեությունը: Ուսանողները ակտիվ հարցուպատասխանի միջոցով ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, որոնք հիմնականում առնչվում էին կենսաթոշակային ֆոնդի ընտրությանը: