ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում «Կառավարում» բակալավրի կրթական ծրագրի ավարտական կուրսի ուսանողների համար կազմակերպվեց վարպետության դաս, որն անցկացրեց «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Անի Կարապետյանը։
Վարպետության դասի թեման առնչվում էր թվային դարաշրջանում մարդկային ներուժի առաջնորդման խնդիրներին։ Ուսանողների շրջանում նման հանդիպումների կազմակերպման նպատակը տեսական գիտելիքից զատ պրակտիկ հմտությունների զարգացումն է։
Հանդիպման շրջանակում Անի Կարապետյանը հանգամանորեն ներկայացրեց թվային փոխակերպումների դարաշրջանում մարդկային ռեսուրսների կառավարման մարտահրավերները, խոսեց առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին։ Բանախոսն անդրադարձավ նաև Բիբլոս բանկի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի քաղաքականությանը, անձնակազմի ընտրության, հավաքագրման և զարգացման ծրագրերին։
Ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին վարպետության դասին և ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։