ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի պրոֆեսոր Վահրամ Աբրահամյանը, որն արժանացել է ԵՊՀ ոսկե մեդալի, երկար տարիներ դասավանդում է համալսարանում՝ նպաստելով փորձառու մասնագետների պատրաստմանը։ Նրա հետ զրուցել ենք կրթական և գիտական ճանապարհորդության, ինչպես նաև նրա իրականացրած ծրագրերի ու նախաձեռնությունների մասին, որոնք շարունակում են դրական ազդեցություն ունենալ ԵՊՀ-ում։
Վահրամ Աբրահամյանը մասնագիտությամբ ինժեներ-տնտեսագետ է: Մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է բազմաթիվ հաստատություններում՝ զբաղեցնելով ղեկավար տարբեր պաշտոններ։ Քսանհինգ տարվա արտադրական փորձով 2004 թվականից սկսել է աշխատել ԵՊՀ կառավարման ու գործարարության ամբիոնում: Նա մշակել և ուսումնական գործընթացում ներդրել է «Արտադրության մենեջմենթ» և «Լոգիստիկա» մասնագիտական առարկաները բակալավրիատում, իսկ «Լոգիստիկա. մատակարարման շղթաների կառավարում առարկան»` մագիստրատուրայում: Նշված առարկաների դասավանդման ժամանակ կիրառվում են նաև նրա հեղինակային ուսումնական ձեռնարկներն ու մենագրությունները:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ պրոֆեսորը ԵՊՀ ռեկտորի կողմից արժանացավ ոսկե մեդալի՝ Երևանի պետական համալսարանում ծավալած գիտամանկավարժական բեղուն գործունեության, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
«Այն շատ պարտավորեցնող է: Կարծում եմ, որ համալսարանի ծավալած գործունեությունը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Մենք պետք է պատրաստենք այնպիսի մասնագետների, որոնք կկարողանան մեր տնտեսությունը դարձնել մրցունակ ու նպաստել երկրի հզորացմանը»,- նշեց Վ․ Աբրահամյանը:
-Պարո՛ն Աբրահամյան, կպատմե՞ք Ձեր կատարած գիտական աշխատանքների մասին։
-Հրատարակել եմ մոտ իննսուն գիտական աշխատություններ, երկու մենագրություն և երեք ուսումնական ձեռնարկ: Գիտական հոդվածներս նվիրված են հիմնականում մեքենաշինական արտադրական կազմակերպությունների արդյունավետության բարձրացմանը, արդյունաբերության վերականգնմանը, ինչպես նաև լոգիստիկական համակարգերի, միջազգային տարանցիկ ուղիների և միջանցքների զարգացմանը: 2024 թվականին վերահրատարակվել է «Արտադրության մենեջմենթ» ուսումնական ձեռնարկը, որն իր տեսակով առաջինն է ՀՀ-ում: Մասնակցել եմ տարբեր գիտաժողովների, ինչի շնորհիվ տպագրվել են գիտական հոդվածներ «Scopus»-ում:
Այս տարիների ընթացքում գիտական համագործակցություն եմ ունեցել Մոսկվայի Ն.Է. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտի կառավարման ու գործարարության ամբիոնների հետ:
-ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնում դասավանդման ընթացքում կրթական և գիտական բնագավառներում ի՞նչ փոփոխություններ եք նկատել:
-Կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ ուսումնական գործընթացի որակի բարելավման և գիտահետազոտական աշխատանքների ակտիվացման նպատակով: Այդ ուղղությամբ ֆակուլտետում ներդրվել է համապատասխան աշխատանքների խրախուսման համակարգ: Ֆակուլտետի լսարանները հագեցվել են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, որոնց կիրառումը հնարավորություն է տալիս ուսումնական գործընթացները մոտեցնել միջազգային չափանիշներին:
-Ձեր կարծիքով Հայաստանի տնտեսության ոլորտում այսօր ի՞նչ հիմնական խնդիրներ և մարտահրավերներ կան, և ի՞նչ լուծումներ կարող են տալ ապագա տնտեսագետներն ու ղեկավարները:
-Երկրի տնտեսության զարգացման առանցքային խնդիրը պայմանավորված է արդյունաբերության ոլորտի վերականգնման ու զարգացման հետ, քանի որ այն ձևավորում է տնտեսության մյուս ոլորտների նյութատեխնիկական հենքը և ապահովում ընդհանուր տնտեսության համակարգված ու ներդաշնակ զարգացումը: Այդ տեսանկյունից անհրաժեշտ է խորացնել բուհ-արտադրություն կապը:
Անհրաժեշտ է ուսումնական գործընթացներում ընդգրկել գործնական մեծ փորձ ունեցող, ինչպես նաև խոշոր կազմակերպություններում աշխատող մասնագետների: Ուսումնական գործընթացներին պետք է տալ գործնական ուղղվածություն, որը կնպաստի երիտասարդ մասնագետների դինամիկ ու համալիր զարգացմանը:
-Որքա՞ն կարևոր է գործարարության դասավանդումը մասնագիտացված ուսումնական հաստատություններում, և ի՞նչ տարբերություններ կան դասավանդման մոտեցումներում՝ համեմատած այլ պետությունների հետ։
-Տարբերությունը հիմնականում պայմանավորված է ուսումնական գործընթացների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական հենքի և հագեցվածության ապահովվածության հետ: Այդ ուղղությամբ ֆակուլտետում իրականացվում են բարեփոխումներ, որոնց արդյունքում դասավանդման գործընթացում առկա տարբերությունները կվերանան: Անհրաժեշտ է նաև խորացնել և ընդլայնել գիտահետազոտական աշխատանքների կատարման գործընթացները: Այստեղ մեծ է պետության դերակատարումը, քանի որ առկա են որոշակի ռեսուրսներ այդ ուղղությամբ պետական պատվերների համակարգի զարգացման համար:
Մեր երկրի տնտեսությունը կարող է զարգանալ արդյունաբերության ոլորտի զարգացման միջոցով: Առանց հզոր արդյունաբերության երկիրը չի կարող ունենալ հզոր ու մրցունակ տնտեսություն: Այդ հիմնախնդրի լուծման շրջանակում առանցքային նշանակություն ունի բարձր որակավորման մասնագետների պատրաստումը, որոնք պետք է կարողանան համակարգված լուծել առկա հիմնախնդիրները:
-Պարո՛ն Աբրահամյան, կա՞ն արդյոք գիտահետազոտական աշխատանքներ, որոնք կատարում եք այժմ: Հետագա ի՞նչ պլաններ ունեք։
-Իրականացնում եմ հետազոտություններ արդյունաբերական արտադրանքի տեխնոլոգիականության մակարդակի բարձրացման նպատակով, որի ապահովման գլխավոր ուղղությունն է արտադրության նյութատարության, աշխատատարության և էներգատարության մակարդակի կրճատումը: Հետազոտություններ եմ իրականացնում նաև ՀՀ-ում խոշոր լոգիստիկական կենտրոնների ձևավորման ու միջազգային տարանցիկ ուղիների զարգացման ուղղությամբ:
Հետագա պլաններս կապված են նոր ուսումնական ձեռնարկի հրատարակման հետ, որը պետք լինի հենքային ձեռնարկներից մեկը դասավանդման ընթացքում: Գիտահետազոտական աշխատանքների կատարման ուղղությամբ պետք է կատարել ուսումնասիրություններ արտադրական կազմակերպությունների արդյունավետության բարձրացման ու ՀՀ միջազգային տրանսպորտային միջանցքների և տարանցիկ ուղիների զարգացման ուղղությամբ, որը պետք է նպաստի երկրի տնտեսության արդյունավետության ու մրցունակության բարձրացմանը:
Սոնա Շահվերդյան