ԵՊՀ-ում ծավալած գիտամանկավարժական բեղուն գործունեության, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի պրոֆեսոր Վարդան Բոստանջյանն արժանացավ ԵՊՀ ոսկե մեդալի, որը ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ նրան հանձնեց ԵՊՀ ռեկտորը։ Աշխատանքային գործունեության, երկրում տնտեսագիտական և ֆինանսական կրթության, ինչպես նաև ֆակուլտետում կրթական համակարգի զարգացման մասին զրուցել ենք Վարդան Բոստանջյանի հետ։
Վ․ Բոստանջյանի մանկավարժական ուղին ԵՊՀ-ում սկսվել է 2003 թվականից, երբ նա համալսարան է հրավիրվել որպես Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ։ Մինչ այդ նա 1980 թվականից դասավանդել է հանրապետության տարբեր բուհերում, աշխատել է ՀՀ Ազգային ժողովում, Կենտրոնական բանկում, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ։ Այս հանգամանքը Վ. Բոստանջյանին ընձեռել է հնարավորություն առավել խորությամբ ուսումնասիրելու ՀՀ ֆինանսների համակարգը, հանրապետությունում մշակվող և իրականացվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները։
Տնտեսական զարգացմանը, դրա վերլուծությանը, տնտեսական գործընթացների մոդելավորմանը, ինչպես նաև ազատական տնտեսական հարաբերությունների պայմաններում ընդհանուր տնտեսական քաղաքականության առանձին ասպեկտների լուսաբանմանը նվիրված նրա ուսումնասիրությունները արտացոլված են ավելի քան 300 հրապարակումներում և մենագրություններում։ Նա հեղինակ և համահեղինակ է ավելի քան 80 օրենսդրական նախաձեռնությունների։
«ԵՊՀ-ում կրթությունն ու գիտական հետազոտությունները հատկանշվում են նորարարական գաղափարներով և ժամանակակից չափանիշներին անհրաժեշտ հմտություններով։ Ուսանողներին տրամադրվում են գիտելիքներ, որոնք ունեն ոչ միայն տեսական, այլև գործնական նշանակություն։ Երևանի պետական համալսարանում կրթություն ստացած երիտասարդներն առանձնանում են մասնագիտական բարձր մակարդակով։ Այս հանգամանքով է պայմանավորված համալսարանի շրջանավարտների նկատմամբ պետական և մասնավոր հատվածների մեծ պահանջարկը»,- նշեց Վ. Բոստանջյանը։
Պրոֆեսորը ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման տեսանկյունից կարևորում է միջազգային համագործակցությունը՝ համաշխարհային առաջավոր փորձին ծանոթանալու և այն հանրապետությունում տեղայնացնելու համար։ Նրա նախաձեռնությամբ կապեր են հաստատվել արտասահմանյան մի շարք համալսարանների և գիտական կենտրոնների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի տարբեր կազմակերպությունների հետ։ Նա նշում է, որ այդ համատեղ ուսումնասիրություններն ու քննարկումները, որպես կանոն, հանգեցնում են նոր մոտեցումների մշակման և հանրապետության տնտեսության առաջընթացի ապահովման։
«Միջազգային կապեր հաստատելը շատ կարևոր է։ Համագործակցության և շփման միջոցով նոր մոտեցումները ստանում են նոր ուժ ու նշանակություն։ Միևնույն երևույթի վերաբերյալ կարողանում ես համադրել տարբեր մոտեցումներ, ինչը ապահովվում է միայն համագործակցության ու քննարկումների շնորհիվ»,- ասաց նա։
Վ. Բոստանջյանի գիտամանկավարժական գործունեության նշանակալի ձեռքբերումներից է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհների շրջանակում բյուջետային ծախսերի արդյունավետության մասին վերլուծությունը, որն ամփոփվել է ԵՊՀ-ի հրատարակած մենագրությամբ։ Այս շրջանում Կենտրոնական բանկի համապատասխան կառույցի տրամադրած դրամաշնորհների շրջանակում կատարվել են նաև բանկային համակարգում հարաբերությունների, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական կայունության ապահովման և այլ հարցերով ուսումնասիրություններ։ Այժմ Վ. Բոստանջյանը ներգրավված է ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված գիրք-ալբոմի ստեղծման աշխատանքներում, որտեղ կամփոփվեն ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի անցած ճանապարհը և պատմության հիշարժան էջերը։
Մեզ հետ զրույցում Վարդան Բոստանջյանը խոսեց նաև երկրի տնտեսության և կրթության ոլորտում առկա խնդիրների մասին։ Նա ընդգծեց Հայաստանի տնտեսության կառուցվածքում, հատկապես արդյունաբերության զարգացման և գյուղատնտեսության վերականգնման ուղղությամբ բարեփոխումներ կատարելու կարևորությունը։ Նշված ոլորտների առջև ծառացած խնդիրներին լուծում տալու համար ֆակուլտետում պատրաստում են փորձառու մասնագետներ, որոնց գիտելիքներն ու հմտությունները կուղղվեն հանրապետությունում նորարարական, ներդրումային և արդիական տնտեսության ստեղծմանը։
Սոնա Շահվերդյան