2024-2025 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական կառույցները սկսել են իրենց գործունեությունը նոր ծրագրերով և նախաձեռնություններով. ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը (ՈՒԽ) և Ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) նոր նախագահներ ունեն:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ է ընտրվել ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Բենիկ Բալայանը: Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Ուսանողական գիտական ընկերության նախագահի լիազորությունները ստանձնել էր «Շուկայագիտություն» («Մարքեթինգ») մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսի ուսանողուհի Անահիտ Սվազյանը:
Բենիկ Բալայանը համալսարան ընդունվելու առաջին կիսամյակից ներգրավվել է ՈՒԽ-ի աշխատանքներում որպես անդամ և ծրագրերի համակարգող: Հետևողական աշխատանքի շնորհիվ 2024 թվականի մայիսից Բենիկը ընդգրկվել է նաև ՈՒԽ նախագահության կազմում, օգոստոսից զբաղեցրել է ֆակուլտետի ՈՒԽ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ 2024 թվականի սեպտեմբերից ֆակուլտետային գիտական խորհրդի անդամ է, իսկ դեկտեմբերից ստանձնել է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԽ նախագահի լիազորությունները:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԽ-ն կարևոր դերակատարում ունի ֆակուլտետի ուսանողական կյանքի կազմակերպման և զարգացման գործում։ Բազմամյա փորձառությամբ կառույցը ներկայացնում է ֆակուլտետի ուսանողների շահերը տարբեր հարթակներում՝ զուգահեռ իրականացնելով նաև ուսանողների կրթական և հասարակական ակտիվությունը խթանող մի շարք ծրագրեր, միջոցառումներ և նախաձեռնություններ:
2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի ընթացքում ևս ֆակուլտետի ուսանողական խորհուրդը շարունակել է ակտիվ գործունեությունը՝ ապահովելով ուսանողների մասնակցությունը համալսարանական կյանքին ու զարգացմանը։
Նախորդ երեք տարիների ընթացքում ԵՊՀ ուսանողական խորհուրդը նախագահ Վերգինե Դանիելյանի և անդամների ջանքերով, ինչպես նաև ֆակուլտետի աջակցությամբ հաջողություններ է գրանցել ուսանողական կառույցի զարգացման ու արդյունավետության բարձրացման գործում։ Վերգինե Դանիելյանի առաջնորդությամբ ՈՒԽ-ն դարձել է ավելի կազմակերպված, արդյունավետ և ուսանողական կյանքում մեծ դերակատարում ունեցող մարմին։

2024 թվականից ֆակուլտետի ՈՒԳԸ աշխատանքները համակարգում է կառույցի նախագահ Անահիտ Սվազյանը: Մեծ պատրաստակամությամբ և եռանդով ստանձնելով ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահությունը՝ Անահիտը շարունակել է նախորդ նախագահների սկսած աշխատանքը և հանդես եկել համալսարանական երիտասարդական գիտական ներուժի զարգացմանը նպաստող նոր նախաձեռնություններով:
Անահիտը ֆակուլտետում ուսումնառության սկզբից և ընթացքում ծավալել է ակտիվ գործունեություն՝ ներգրավվելով տարբեր ուսանողական կառույցներում։ Նա՝ որպես պատվիրակ, եղել է ֆակուլտետի ՈՒԽ անդամ, 2022-2023 թվականներին որպես Տեղեկատվական հանձնաժողովի պատասխանատու ընդգրկվել է նաև ֆակուլտետի ՈՒԳԸ կազմում և պարգևատրվել գերազանց գործունեություն ծավալելու համար։

ՈՒԳԸ-ն ԵՊՀ ուսանողական ամենահին կառույցն է, որի գործունեության հիմնական նպատակն է նպաստել ուսանողության գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը` սատարելով գիտական և կրթական ոլորտներում ուսանողության նախաձեռնությունների՝ ուսանողական գիտաժողովների, սեմինար-քննարկումների, գիտակրթական բնույթ ունեցող ինչպես համալսարանական, այնպես էլ արտահամալսարանական այլ միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը: ՈՒԳԸ-ն ոչ միայն ուսանողների կազմակերպված ու արդյունավետ ներգրավվածության կարևորագույն միջոց է, այլև գործիք, որն օգնում է ուսանողների մասնագիտական և անձնական աճին, ինչպես նաև ֆակուլտետի զարգացմանը։
Տարիներ շարունակ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ աշխատանքները հաջողությամբ համակարգվել են կառույցը նախագահող ֆակուլտետի լավագույն ուսանողների շնորհիվ, որոնց թվում են Միհրան Սիսակյանը, Արտաշես Հարությունյանը, Անահիտ Գասպարյանը, ով «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթողներից է: Ի թիվս բազմաթիվ սեմինար-քննարկումների, մրցույթների և գիտակրթական բնույթի մի շարք այլ միջոցառումների՝ ՈՒԳԸ թիմի կարևոր նախաձեռնություններից է ֆակուլտետի աջակցությամբ կազմակերպած աշխատանքի տոնավաճառը: 2 տարի անընդմեջ իրականացված տոնավաճառի շնորհիվ ֆակուլտետի բազմաթիվ ուսանողներ կարողացել են աշխատանք գտնել, որն էլ կառույցի կարևոր դերակատարման և կայացվածության մասին վկայող հանգամանք է:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական կառույցները շարունակում են զարգանալ: Ֆակուլտետի ջանքերն ուղղված են ուսանողների ակտիվ մասնակցության խրախուսմանը և կառույցների ուժեղացմանը: Նորընտիր նախագահները վստահ են՝ թիմային աշխատանքի շնորհիվ հնարավոր է ապահովել այնպիսի արդյունքներ, որոնք կբարելավեն ինչպես ուսանողների համալսարանական միջավայրն ու կրթությունը, այնպես էլ նրանց սոցիալական ակտիվությունը։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ուսանողական կառույցների զարգացման նոր փուլ է սկսվել. ակնկալվում է ավելի արդյունավետ համագործակցություն, ուսանողական նախաձեռնությունների իրականացման նոր հնարավորություններ և զարգացում։