Համաշխարհային բանկը կազմակերպել էր 2024 թվականի «Միջին եկամտի ծուղակը» խորագրով «Համաշխարհային զարգացման զեկույց-2024»-ի («World Development Report-WDR 2024») շնորհանդեսը, որին մասնակցեցին նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը և Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոցենտ Գրիգոր Հայրապետյանը:

Փետրվարի 12-ին տեղի ունեցած շնորհանդեսը մեկնարկեց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի ելույթով: Զեկուցումներով հանդես եկան Համաշխարհային բանկի տնտեսագետները:
Համաշխարհային բանկի զարգացման բաժնի ավագ տնտեսագետ և «WDR-2024»-ի հիմնական հեղինակներ Ռոբերտո Ֆաթալ Ջաեֆը և Ֆորհադ Շիլփը ներկայացրին Համաշխարհային բանկի «WDR-2024» զեկույցի հիմնական արդյունքները և տնտեսական աճի առանձնահատկությունները միջին եկամուտ ունեցող երկրներում: Հիմք ընդունելով 1950-ականներից սկսած զարգացման փորձը և տնտեսական վերլուծության առաջընթացը՝ «Համաշխարհային զարգացման զեկույց-2024»-ում հեղինակները մատնանշեցին, թե ինչպես կարող են զարգացող տնտեսությունները խուսափել «միջին եկամտի ծուղակից»:
«Դեպի բարձր եկամուտներ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում. հնարավորություններ Հայաստանի համար» զեկուցմամբ հանդես եկավ նաև Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր տնտեսագետ Իվայլո Իզվորսկին: Նա ներկայացրեց Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին վերաբերող արդյունքները, ապա անդրադարձավ նաև Հայաստանի Հանրապետության արդի մարտահրավերներին ու դասերին:

Զեկուցումներին հաջորդեց փորձագիտական պանելային քննարկում: Հայաստանում բարեփոխումների միջոցով աճի նոր ուղիների որոնման շուրջ բանախոսեցին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան Սիմոնի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, գիտական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Քննարկումներին մասնակցեց նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը:

Ֆակուլտետն արժևորում է միջազգային կառույցների հետ համագործակցության խորացումն ու նմանօրինակ մասնագիտական քննարկումներին ֆակուլտետի ղեկավար կազմի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնակցությունը, քանի որ այդպիսով ԵՊՀ մասնագետները ևս հաղորդակից են լինում աշխարհում տեղի ունեցող վերափոխումների ուսումնասիրություններին ու դրանց շուրջ ծավալվող վերլուծություններին։ Նմանօրինակ քննարկումներին մասնակցությունը կարևոր է ոչ միայն միջազգային փորձի փոխանցման տեսանկյունից, այլև հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու համընդհանուր այնպիսի հարցերի մասին, որոնք ուղենշում են Հայաստանի տնտեսական քաղաքականության զարգացման ուղիները։ Համաշխարհային հեղինակության մասնագետների հետ հանդիպումներն օգնում են հայ տնտեսագետներին զարգացնել նոր՝ համաշխարհային միտումներին համընթաց մոտեցումներ: