ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի դասախոս, դոկտոր Սարգիս Ղանթարջյանը 1963 թվականից սկսած ակտիվորեն ներգրավված է համալսարանի գիտամանկավարժական կյանքում։ Նրա երկարամյա գործունեությունն ու մեծարժեք ներդրումը երիտասարդ մասնագետների պատրաստման գործում դարձել են ֆակուլտետի զարգացման կարևոր նախապայման։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ Ս․ Ղանթարջյանն արժանացավ ԵՊՀ ոսկե մեդալի՝ իր գիտամանկավարժական հաջողությունների և նշանակալի ավանդի համար։ Նա միշտ խորհուրդ է տալիս երիտասարդներին՝ լուրջ վերաբերվել ուսուցմանն ու նոր գիտելիքների ձեռքբերմանը։
«Եթե մասնագիտությունդ ճիշտ ընտրես ու համապատասխան գիտելիքներ ունենաս, կյանքդ շատ ավելի կհեշտանա»,- ասում է նա։
Գիտամանկավարժական կյանքին զուգահեռ՝ Ս․ Ղանթարջյանը, զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, ներգրավված լինելով կրթական և կառավարման ոլորտի տարբեր կարևոր նախագծերում ու նախաձեռնություններում, մշտապես փորձել է նպաստել կրթության որակի բարձրացմանը և ուսումնական գործընթացի կատարելագործմանը:

ԵՊՀ դասախոսը բազմաթիվ գրքերի հեղինակ է, հրապարակել է ավելի քան 130 գիտական հոդվածներ, որոնք տպագրվել են տարբեր գիտական հանդեսներում։ Նա նաև մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների՝ ներկայացնելով Հայաստանի համալսարանական միջավայրն ու գիտական ձեռքբերումները։
Չնայած դոկտորը ներկայում չի դասավանդում, սակայն մինչ օրս աշխատում է ասպիրանտների հետ։
«ԵՊՀ-ն իմ տունն է, ու ես պատրաստ եմ շարունակել այստեղ աշխատել այնքան ժամանակ, որքան հնարավոր է։ Ամեն օր առավոտյան ժամը 9-ին գալիս եմ և երեկոյան գնում՝ չնայած, որ չեմ դասավանդում»,- հավելում է նա։
Դոկտոր Ղանթարջյանի խորհուրդներն ուսանողներին միշտ թերևս նույնն են՝ աշխատել, պարապել ու «կորզել» առավելագույնը դասախոսներից։
«ԵՊՀ-ն ընձեռում է մեծ հնարավորություններ, դուք միայն պետք է դրանք ճիշտ օգտագործեք»,- ուսանողներին ուղղված իր խոսքում ասում է նա։
Սարգիս Ղանթարջյանը կրթության ու գիտության հանդեպ իր անսահման նվիրվածությամբ նվիրյալ գիտնականի վառ օրինակ է։