ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում էին Համաշխարհային բանկի խմբի ներկայացուցիչները։ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր տնտեսագետ Իվայլո Իզվորսկին ս.թ․ փետրվարի 13-ին կայացած հանդիպմանը ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ներկայացրեց Համաշխարհային բանկի խմբի վերջին հետազոտություններից մեկի արդյունքները՝ «Ավելի մեծ բարձունքներ. Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բարձր եկամուտների հասնելու ուղին» («Greater Heights: Growing to High Income in Europe and Central Asia»):

Համաձայն հետազոտության արդյունքների՝ 1990 թվականից ի վեր 27 երկրների հաջողվել է դասվել բարձր եկամուտների մակարդակ ունեցող երկրների շարքին։ Այդ երկրներից 10-ը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից են։ Բանախոսի փոխանցմամբ միջին եկամտի մակարդակ ունեցող երկրների համար բարձր եկամտի մակարդակ ունեցող երկրների շարքին դասվելը շատ ավելի է դժվարացել 2007-2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո։ Այդ պատճառով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շատ երկրներ կարող են ընկնել «Միջին եկամտի ծուղակ»-ը, որը Համաշխարհային բանկի «Համաշխարհային զարգացման զեկույց-2024»-ի («World Development Report-WDR 2024») հիմնական գաղափարն է, որտեղ հեղինակները փորձել են մատնանշել, թե ինչպես կարող են զարգացող տնտեսությունները խուսափել «միջին եկամտի ծուղակից»:
Հետազոտության արդյունքների հիման վրա առաջարկվում է 3i (investment, infusion, innovation) ռազմավարություն: Դրա կիրառումը կօգնի տարածաշրջանի միջին եկամուտ ունեցող երկրներին հասնել բարձր եկամուտ ունեցող երկրների մակարդակին։ Հետազոտությունը ոչ միայն վերլուծում է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման միտումները, այլև առաջարկում է կոնկրետ քաղաքականություններ, որոնք կարող են նպաստել բարելավումներին։ Այն կարևոր ներդրում է համարվում տնտեսական քաղաքականության ձևավորման գործում, հատկապես այն երկրների համար, որոնք ձգտում են հաղթահարել զարգացման խոչընդոտները։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը՝ դոցենտ Կառլեն Խաչատրյանը, ողջունեց միջազգային գործընկերներին և հյուրերին՝ նշելով, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը ֆակուլտետին հնարավորություն է տալիս մասնակից դառնալ համաշխարհային տնտեսական խնդիրների լուծման շուրջ ծավալվող քննարկումներին՝ միաժամանակ ուսանողներին տրամադրելով արդիական գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են որակյալ կադրեր աշխատաշուկա ուղարկելու և 21-րդ դարի մարտահրավերներին հաջողությամբ հաղթահարելու համար: Նշենք, որ օրեր առաջ տեղի ունեցավ «Համաշխարհային զարգացման զեկույց-2024»-ի շնորհանդեսը, որին մասնակցեցին նաև ֆակուլտետի ներկայացուցիչները:
Ֆակուլտետը շարունակում է համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ նպաստելով պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների ներգրավվածության ընդլայնմանը և համագործակցությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը։ Համաշխարհային բանկի այցը և հետազոտության արդյունքների ներկայացումը կարևոր քայլ է ֆակուլտետի ուսանողների և դասախոսների համար՝ տնտեսական զարգացման համաշխարհային միտումները հասկանալու և դրանց պատրաստ լինելու տեսանկյունից։