ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Կանայք բիզնեսում» խորագրով պանելային քննարկում, որը միավորեց տարբեր ոլորտների հաջողակ կին մասնագետների՝ կիսվելու իրենց փորձով և հաջողության գաղտնիքներով։

Պանելային քննարկման բանախոսներն էին «Աննա Սալոմե» նորաձևության մարքեթինգի գործակալության հիմնադիր, անձնական բրենդինգի փորձագետ, «Կերոն» զարգացման հիմնադրամի մարքեթինգի տնօրեն Աննա Սալոմեն, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության Հայաստան, Ուկրաինա, Մոլդովա ապրանքատեսականու ինտեգրման ղեկավար Արմինե Ղազարյանը, Բիբլոս բանկի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Անի Կարապետյանը և «Բրենդոն» մարքեթինգային և բրենդինգային ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար, «Մադամ» գործարար կանանց ակումբի հիմնադիր Տաթև Բեյբությանը:
Բանախոսներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կարծիքն այն մասին, թե ինչ դերակատարում ունի կինը բիզնեսում, ինչ խոչընդոտների են իրենք հանդիպել իրենց ճանապարհին, ինչ արժեքներ պետք է ունենա կին ձեռնարկատերը և մի շարք այլ հարցեր։
Հանդիպումն անցավ ինտերակտիվ ձևաչափով․ վերջում մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու բանախոսներին և ստանալու արժեքավոր խորհուրդներ։
Քննարկման ավարտին ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անահիտ Սվազյանը շնորհակալագրեր հանձնեց բանախոսներին՝ կարևորելով նրանցից յուրաքանչյուրի հետ հետագա համագործակցությունը։
Նշենք, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական կառույցները բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ են կյանքի կոչում: Ֆակուլտետի ջանքերն ուղղված են ուսանողության գիտակրթական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը: Ֆակուլտետի ղեկավարությունն ու դասախոսական անձնակազմը ուսանողների կողքին են և շարունակում են սատարել ուսանողական նախաձեռնությունների՝ գիտաժողովների, սեմինար-քննարկումների, գիտակրթական բնույթի ինչպես համալսարանական, այնպես էլ արտահամալսարանական միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը: