Միջազգային դատարաններ և արբիտրաժ
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ուսուցման ձևը` առկա, տևողությունը` 3 կիսամյակ, ուսման վարձը` յուրաքանչյուր կիսամյակ 500 000 ՀՀ դրամ:
Շնորհվող որակավորումը` իրավագիտության մագիստրոս:
Ընդունելության պահանջները
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրում մրցութային կարգով հնարավորություն ունեն ընդունվելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները, որոնք ունեն անգլերենի գերազանց իմացություն։
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին ծանոթացնել միջազգային իրավունքի սկզբունքներին և հիմունքներին, տրամադրել խոր և համակողմանի գիտելիքներ միջազգային դատարանների և արբիտրաժային վարույթների վերաբերյալ, ներկայացնել միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, գործունեությունն ու առանձնահատկությունները, միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր փուլերը՝ բանակցություններից մինչև վերջնական վճռի ճանաչումը և կատարումը, գնահատել ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, ինչպես նաև զարգացնել գրավոր և բանավոր փաստարկումների հմտությունները:
Առավելությունները
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի վերլուծելու միջազգային իրավունքի տեսությանը և պրակտիկային առնչվող խնդիրներ ու հարցեր, ներկայացնելու միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, գործունեությունը և առանձնահատկությունները, պարզաբանելու միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր փուլերը՝ բանակցություններից մինչև վերջնական վճռի ճանաչումն ու կատարումը, մեկնաբանելու ներպետական և միջազգային իրավունքի ընդհանուր և տարբերակիչ գծերը, գնահատելու ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, կազմելու սահմանված ձևի դատավարական փաստաթղթեր (հայց, հայցի պատասխան, միջնորդություններ, առարկություններ և այլն), ներկայացնելու և պաշտպանելու վստահորդի շահերը՝ բանավոր փաստարկման հմտությունների հիման վրա, ինչպես նաև կատարելու իրավագիտական հետազոտություններ և ուսումնասիրություններ:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները կարող են մասնագիտական գործունեություն ծավալել պետական կառավարման մարմիններում (ՀՀ Կառավարություն, արտաքին գործերի նախարարություն, արդարադատության նախարարություն, ՄԻՊ գրասենյակ և այլն), օտարերկրյա ներդրումներով զբաղվող կազմակերպություններում, փաստաբանական և իրավախորհրդատվական գրասենյակներում, մասնավոր ընկերություններում, հասարակական կազմակերպություններում, միջազգային կառույցներում և այլուր:
Կրթական ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել հետբուհական ուսումը ԵՊՀ ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում:
Ավելին՝ այստեղ։
Կոնտակտներ
Ծրագրի ղեկավար՝ Եղիշե Կիրակոսյան
Էլհասցե՝ ica@ysu.am