Հայ բանասիրության ֆակուլտետում Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սփյուռքահայ գրող, հասարակական գործիչ Կարօ Արմենեանի «Մարմին եւ արիւն» խորագրով երրորդ գրքի շնորհանդեսը։

Կարօ Արմենեանը սկսել է գրել դեռ ճեմարանում սովորելու տարիներից գրական և լրագրական նախափորձերով։ 1970 և 1977 թթ․ լույս են տեսել «Մարմին եւ արիւն» խորագրով բանաստեղծությունների երկու գրքերը։
Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը նշեց, որ այն ամենի հիմքում, ինչի մասին խոսում է Կարօ Արմենեանը, բարոյական նորմերն են ու խիղճը։ Ռուզան Առաքելյանը ընդգծեց նաև, որ Կարօ Արմենեանը հեռվից հեռու այնպիսի թեմաներ է շոշափում, կարծես մեր կողքին է՝ հայրենիքում։ Սա բնորոշում է մի մարդու, որն ապրում է հայրենիքով, հայրենիքի ցավով։
Շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցան գրականագետներ Սամվել Մուրադյանը, Դավիթ Գասպարյանը, Աբգար Ափինյանը, «Դրոշակ» ամսագրի գլխավոր խմբագիր Արտաշես Շահբազյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և ուրիշներ։