ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում ս․թ․ մարտի 24-28-ը հյուրընկալվել են Աալենի համալսարանի (Գերմանիա) պրոֆեսորներ Ռոնալդ Շեֆերը և Յունկեր Հանս-Դիթերը։ Օտարերկրյա գործընկերների այցի նպատակն էր խորացնել մասնագիտական կապերը և ամրապնդել գիտական համագործակցությունը համալսարանի հետ։
Հրավիրյալ պրոֆեսորները այցի շրջանակում ներկայացրին «Նոր նյութեր» («New materials»), «Տեղեկատվական դասախոսություն Աալենի համալսարանի, քիմիայի բաժնի ու կրթական ծրագրերի մասին» («Informational lectures about Aalen University and our Chemistry Department and study programs»), «MALDI-MS (+Imaging)» թեմաներով պլենար դասախոսություններ ֆակուլտետի ուսանողների և դասախոսների համար։ Դասախոսություներին ընթացքում քննարկվեցին ժամանակակից քիմիայի նորագույն միտումները, գիտահետազոտական մեթոդները և համագործակցության հնարավորությունները։
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանն ընդգծեց այսօրինակ հանդիպումների կարևորությունը՝ նշելով, որ այս հանդիպումը կարող է հիմք դառնալ ապագա համագործակցության, կրկնակի դիպլոմով կրթական ծրագրերի բացման, ինչպես նաև գիտահետազոտական համատեղ աշխատանքների և գիտաժողովների կազմակերպման համար։
Այցի շրջանակում հրավիրյալ պրոֆեսորները շրջայց կատարեցին ֆակուլտետի լաբորատորիաներում, ծանոթացան լաբորատորիաների նյութատեխնիկական հագեցվածությանը և կատարվող աշխատանքներին, քննարկեցին համատեղ հնարավոր ծրագրեր։
Օտարերկրյա գործընկերները, կարևորելով միջազգային համագործակցությունը երկու բուհերի միջև, շեշտեցին, որ Հայաստանը մեծ ներուժ ունի քիմիայի ոլորտում գիտական հետազոտությունների զարգացման համար։