Քիմիա
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ներկայում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը միակ կրթօջախն է, որն իրականացնում է «Քիմիա» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագիրը: Ծրագրի լիարժեք իրականացման համար ֆակուլտետում առկա է նյութական և տեխնիկական անհրաժեշտ բազան: Կրթական ծրագրում դասավանդում են առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար մասնակցում են որակավորման բարձրացման դասընթացների և համապատասխանում են տվյալ մասնագիտության համար միջազգային ծրագրային կողմնորոշիչների և չափորոշիչների պահանջներին։
Ուսումնագիտական գործընթացը կազմակերպվում է քիմիայի ֆակուլտետի երեք ամբիոնների կողմից՝ անօրգանական և անալիտիկ քիմիայի, օրգանական քիմիայի, ֆիզիկական և կոլոիդ քիմիայի: Ամբիոններին կից գործում են գիտահետազոտական լաբորատորիաներ, որտեղ իրականացվող աշխատանքներում ընդգրկվում են ֆակուլտետի լավագույն ուսանողները:
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է` համաձայն ՀՀ Կառավարության կողմից հաստատված ընդունելության կարգի։
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագիրը նպատակ ունի պատրաստելու քիմիայի ժամանակակից գիտատեխնիկական մակարդակին համապատասխան գիտելիքներով զինված, տնտեսության և գիտության տարբեր ոլորտներում այդ գիտելիքների կիրառման հմտություններով օժտված մասնագետներ։
Առավելությունները
Ծրագրի շրջանակում առկա է գիտական և ուսումնական աշխատանքների ուղղվածությամբ շարունակական համագործակցություն Ռոստոկի և Զաարլանդի (Գերմանիայի Դաշնություն) համալսարանների, Լոմոնոսովի անվան պետական համալսարանի (Ռուսաստանի Դաշնություն) և միջազգային այլ բուհերի հետ: Ուսանողների մասնագիտական գիտելիքների հարստացմանը և փորձի ձեռքբերմանը նպաստում են նաև արտասահմանյան գործընկերները. իրականացվում են փոխանակման ծրագրեր բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի համար, կատարվում են համատեղ ավարտական և գիտական աշխատանքներ:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ քիմիայի ֆակուլտետի շրջանավարտները հիմնականում աշխատում են՝ ըստ մասնագիտության: Հետազոտման տարբեր եղանակների տիրապետող բարձր որակավորմամբ շրջանավարտների պահանջարկը մեծ է նաև հարակից մասնագիտությունների գծով: Պետք է նշել, որ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի շրջանավարտները պահանջված մասնագետներ են նաև արտերկրի բազմաթիվ համալսարաններում և գիտահետազոտական կենտրոններում: Նրանցից շատերը սովորել և ավարտել են Եվրոպայի, ԱՄՆ, Կանադայի, Հարավային Կորեայի, Հոնկոնգի, Էստոնիայի առաջատար համալսարանների մագիստրատուրան և այժմ աշխատում են այդ երկրներում:
Կարիերայի հնարավորությունները
«Քիմիա» բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու բնապահպանության, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների, ԿԳՄՍ, առողջապահության նախարարությունների ստորաբաժանումներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, ակադեմիական և գիտահետազոտական այլ ինստիտուտներում, սննդի և կոսմետոլոգիայի արդյունաբերությանն առնչվող տարբեր ձեռնարկություններում` զբաղեցնելով գիտաշխատողի, արտադրանքի մենեջերի, տեխնոլոգի, խորհրդատուի, լաբորանտի, քիմիայի ուսուցչի (հիմնական և ավագ դպրոցներում՝ լրացուցիչ «Մանկավարժական կրթաբլոկի» 30 կրեդիտ ստանալու դեպքում) պաշտոնները:
Բակալավրիատի շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել ԵՊՀ քիմիայի և հարակից մասնագիտացումներով մագիստրոսական ծրագրերում, ինչպես նաև արտասահմանյան բուհերում: