Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվեց ծրագրավորման միջազգային «ICPC» օլիմպիադայի 48-րդ եզրափակիչ փուլը: Մրցույթում ԵՊՀ թիմը լուծեց 5 խնդիր՝ գրավելով 76-րդ հորիզոնականը և լուծած խնդիրների քանակով գրանցելով 5-րդ արդյունքը։
«ICPC» (International Collegiate Programming Contest) ուսանողական ամենահայտնի ծրագրավորման օլիմպիադայի նախնական փուլերին այս տարի մասնակցում էին 100-ից ավելի երկրների շուրջ 3500 համալսարանների ավելի քան 73 հազար ուսանողներ։ Եզրափակիչ փուլի մասնակիցներն էին ուժեղագույն 142 համալսարանական թիմեր, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված էին երեք ուսանող և մեկ մարզիչ։
ԵՊՀ թիմն իր այս տարվա մասնակցության իրավունքը նվաճել էր 2023 թվականի դեկտեմբերին անցկացված կիսաեզրափակիչ փուլում։ Սեպտեմբերի 15–20-ն անցկացված մրցույթում ԵՊՀ թիմը ներկայացնում էին Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Սամվել Անդրեասյանը, բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող Համլետ Պետրոսյանը, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Ռոբերտ Քոչարյանը: Մարզիչը Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանն էր։
Օլիմպիադային ներկա էին նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը, որը նաև «ICPC» Հայաստանի տարածաշրջանի մրցույթի ղեկավարն է։
Մրցույթների տևողությունը 5 ժամ էր, որի ընթացքում 3 հոգուց կազմված թիմերը, օգտագործելով մեկ համակարգիչ, պետք է լուծեին առնվազն 8 (երբեմն՝ նաև 15) խնդիր։ Առաջադրվում էին ալգորիթմական բարդ խնդիրներ։ Յուրաքանչյուր խնդրի համար ժյուրին պատրաստում էր որոշակի քանակությամբ թեստեր. խնդիրը համարվում էր լուծված, եթե ծրագիրը բոլոր թեստերին տալիս էր ճիշտ պատասխան։ Լուծումներն ուղարկվում էին թեստավորման ավտոմատ ստուգող համակարգի միջոցով։ Հավասար քանակով լուծած խնդիրների դեպքում հաշվի էին առնվում խնդրի լուծման ժամանակը և անհաջող փորձերի քանակը։
«ICPC World Finals 2024»-ի արդյունքները՝ այստեղ։