Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը հիմնադրվել է 1934 թ., սակայն նրա պատմության ակունքները սկսվում են համալսարանի հիմնադրման առաջին իսկ օրից: Ֆակուլտետը Հայաստանում կենսաբանության տարբեր բնագավառների գծով մասնագետների պատրաստման գիտակրթական հիմնական կենտրոններից է:
Ֆակուլտետում գործում են համալսարանական գիտակրթական կենտրոններ՝ Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը և Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը: Գործում է նաև Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ կան գիտական լաբորատորիաներ։ Ինստիտուտում կատարվում են գիտական հետազոտություններ հիմնականում մոլեկուլային և բջջային կենսաբանության, մոլեկուլային կենսաֆիզիկայի, թաղանթների կենսաֆիզիկայի, կենսաքիմիայի, բուսաբանության և սնկաբանության, մանրէաբանության, մանրէների և բույսերի կենսատեխնոլոգիայի, մարդու մոլեկուլային գենետիկայի և բջջագենետիկայի, գենային ինժեներիայի, կենդանաբանության և հյուսվածքաբանության, մարդու և կենդանիների բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի, կենսացենոզների էկոլոգիայի և բնապահպանության ուղղություններով:
Ֆակուլտետի նշանավոր գիտնականները համագործակցում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի և այլ երկրների գիտակրթական հաստատությունների մասնագետների հետ, որպես հրավիրյալ դասախոսներ հանդես են գալիս դասախոսություններով, գիտական զեկուցումներով: Ֆակուլտետի դասախոսները պարբերաբար վերապատրաստումներ են անցնում միջազգային հեղինակավոր ուսումնական և գիտական հաստատություններում, ինչպես նաև ներգրավված են միջազգային հետազոտական ծրագրերում։
Ֆակուլտետում գործում է ուսուցման եռաստիճան համակարգ` բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։
Բակալավրիատի ուսանողները կամընտրաբար (վճարովի հիմունքով) հնարավորություն ունեն մասնակցելու մանկավարժական կրթաբլոկի դասընթացներին և ստանալու մանկավարժի որակավորում։ Ուսանողների տեսական գիտելիքներն ամրապնդվում են Ծաղկաձորում և Հանքավանում գտնվող ԵՊՀ ուսումնաարտադրական բազաներում անցկացվող ուսումնական պրակտիկաների ընթացքում։ Մասնագիտական պրակտիկաներ անցկացվում են նաև գիտահետազոտական, արտադրական, բժշկական տարբեր կազմակերպություններում և ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններում: Մանկավարժի որակավորման դասընթացներին մասնակցող ուսանողների համար բակալավրիատի երրորդ և չորրորդ կուրսերում կազմակերպվում է նաև մանկավարժական պրակտիկա Երևանի դպրոցներում:
Փոխանակման ծրագրերի շրջանակում ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն կրթություն ստանալու արտերկրի հեղինակավոր համալսարաններում։ Նրանք, ուսումնառությանը զուգահեռ, ակտիվորեն մասնակցում են ինչպես Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության, այնպես էլ համալսարանում գործող Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի կազմակերպած միջոցառումներին, ինչի շնորհիվ ուսանողական կյանքը դառնում է առավել հետաքրքիր և բովանդակալից։
Ֆակուլտետի շրջանավարտների աշխատանքային ոլորտը բազմաճյուղ է՝ ուսումնական և գիտական հաստատություններ (բուհեր, հանրակրթական դպրոցներ, գիտահետազոտական ինստիտուտներ), ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններ, բնապահպանության, սննդարդյունաբերության, կենսատեխնոլոգիայի տարբեր բնագավառներ: Ֆակուլտետի շրջանավարտներից շատերը միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ են, որոնք հաջողությամբ աշխատել և աշխատում են արտասահմանյան երկրների գիտակրթական առաջատար կենտրոններում: