Նոր ինվազիվ տեսակների առաջացումը և կլիմայի փոփոխության հետևանքով զոոնոզ հիվանդությունների բռնկման վտանգը կենսաանվտանգության կառավարման հիմնական մարտահրավերներն են ամբողջ աշխարհում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել Հայաստանում այդ խնդիրները մշտադիտարկելու և մեղմելու կարողություններն ուժեղացնելու ոչ միայն ազգային, այլև տարածաշրջանային մակարդակով: Սա հատկապես կարևոր է, քանի որ Հայաստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ Կասպից և Սև ծովերի միջանցքում։ «ArmBioClimate» նախագիծը նպատակ ունի ստեղծելու վաղ նախազգուշացման համակարգ, որով կվերահսկվեն զոոնոզ մակաբույծների տարածումը, պաթոգենների վարակելիությունը և ինվազիվ տեսակների տարածումը: Գենետիկ բիոմոնիթորինգի գործիքների ուժեղացումը հնարավորություն կտա նախօրոք գնահատելու ինվազիվ տեսակներից առաջացող հիվանդությունների բռնկման ռիսկը, ինչպես նաև կարագացնի համապատասխան միջոցառումների իրագործումը էկոհամակարգերի և մարդու առողջության վրա ապագա ճնշումները նվազեցնելու համար: Ոսկեգույն շնագայլը Հայաստանում կօգտագործվի որպես մոդել՝ ուսումնասիրելու տեսակների տարածվածությունը և նրանց միջոցով փոխանցվող զոոնոզ հիվանդությունների տարածումը:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում վերոնշյալ հիմնախնդիրների շուրջ իրականացվող գիտահետազոտական ծրագիրն ընդգրկում է վայրի բնության, կենդանիների պահպանության, գյուղատնտեսության և հանրային առողջության պահպանմանը վերաբերող թեմաներ: Ծրագիրը նպաստում է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելուն և հետազոտողների առջև դրված խնդիրների համար լուծումներ գտնելուն:
Ծրագրի շրջանակում անցկացվում են գիտական և ուսումնական տարբեր միջոցառումներ Հայաստանի և Ավստրիայի ուսանողների ու գիտաշխատողների համար (ԵՊՀ մագիստրոսական ծրագրի նորացումը և ասպիրանտական ծրագրի իրականացումը Վիեննայի բժշկական համալսարանում): Նախատեսվում է ստեղծել նաև տեխնիկապես հագեցած լաբորատորիաներ, ԵՊՀ-ում կազմակերպել ամառային դպրոցներ, դաշտային աշխատանքներ և այլ սեմինարներ ու թրեյնինգներ ուսանողների ու աշխատակազմի համար:
«Հայաստանում կլիմայի փոփոխության պայմաններում գենետիկ կենսահսկողության կարողությունների հզորացում» ծրագիրը համակարգում է ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարինե Առաքելյանը: Ծրագրի շրջանակում ԵՊՀ-ն համագործակցում է հետևյալ համալսարանների հետ՝ Վիեննայի անասնաբուժական բժշկության համալսարան, Բնական ռեսուրսների և կենսաբանական գիտությունների համալսարան, Վիեննայի բժշկական համալսարան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ:
Ծրագիրն իրականացվում է ս.թ. ապրիլի 1-ից մինչև 2027 թ. մարտի 30-ը:
Ծրագրի վերաբերյալ այլ մանրամասների հնարավոր է ծանոթանալ այստեղ: