Ասպիրանտների և երիտասարդ գիտնականների համար ԵՊՀ-ն, համաձայն համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրով ամրագրված դրույթների, իրականացնում է աջակցության տարբեր ծրագրեր՝ շարունակաբար բարելավելով գիտական միջավայրը և նպաստավոր պայմաններ ստեղծելով գիտահետազոտական աշխատանքների խթանման համար։
Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ, ասպիրանտ Սիլվարդ Թադևոսյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023»-ի հաղթողներից է։ Նա գիտական ծրագրի շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի լաբորատորիաներում հետազոտություններ է կատարում։ Երիտասարդ հետազոտողը պատմել է գիտական ծրագրին դիմելու, ուսումնասիրության, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների և գիտական միջավայրի մասին։
Ինչպե՞ս եմ դիմել ծրագրին
«Բույսերից մինչև ախտածիններ։ Բուսական ծագմամբ կենսաբանորեն ակտիվ միացությունների հակաբակտերիական ակտիվության և ազդեցության մեխանիզմների ուսումնասիրություն» թեման դեռ մագիստրատուրայում եմ սկսել ուսումնասիրել։ Ասպիրանտուրայում ուսումնառության առաջին իսկ տարում արդեն գիտական ղեկավարիս՝ կ․գ․թ․ Նաիրա Սահակյանի խորհրդով դիմել եմ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթին և հաղթող ճանաչվել։
Մի խումբ մանրէների նկատմամբ հայտնի հակաբիոտիկներն այլևս ազդեցություն չունեն
Եթե հակաբիոտիկների կիրառության խելամտության սահմանները խախտվեն, տարբեր օրգանիզմներում (այդ թվում՝ մարդու) մանրէները կայունություն ձեռք կբերեն, և հակաբիոտիկները այլևս իրենց հիմնական գործառույթը չեն կատարի, իսկ մանրէն կշարունակի բազմանալ՝ մուտացվելով ու տարածվելով այլ օրգանիզմներում։ Այսինքն՝ մանրէն դիմադրում է, և դեղամիջոցն այլևս չի ազդում։ Մեր փորձերի ժամանակ մենք դիտարկում ենք բուսական միացությունները և դրանց ազդեցության մեխանիզմները տարբեր մանրէների կիրառմամբ։ Որպես թեստ-համակարգեր ուսումնասիրում ենք հիմնականում հայտնի մանրէների տեսակները ու դրանց՝ հակաբիոտիկների նկատմամբ կայուն շտամները։
Այսպիսի մանրէները տարածված են ամբողջ աշխարհում։ Դրանց նկատմամբ մարդկանց օրգանիզմում անընկալունակություն արձանագրելու դեպքում մենք կփորձենք նոր միջոցներ առաջարկել՝ հիմք ընդունելով մեր ուսումնասիրության արդյունքները։
Բուսական միացությունը՝ որպես հակաբիոտիկ նոր միջոց մանրէների դեմ
Մենք փորձում ենք ստանալ միացությունների նոր համադրություններ, որոնք կարող են ազդել կայուն մանրէների վրա։ Եթե փորձերը գոհացուցիչ արդյունքներ տան, ուսումնասիրությունը չի ավարտվի դրամաշնորհային ծրագրի ժամկետում (2026 թ․ հոկտեմբեր) և կշարունակվի ծրագրի ավարտից ու ասպիրանտուրայից հետո ևս։
Այս փուլում դեռ փորձարկում ենք բույսերից անջատված միացությունները, հասկանում ազդեցության մեխանիզմները։ Գոհացուցիչ արդյունքի հասնելու դեպքում բուսական միացությունները կարող ենք օգտագործել որպես մանրէների դեմ հակաբիոտիկ նոր միջոց։ Այն կարող է ներառվել թե՛ դեղորայքի մեջ՝ ավելացնելով բուսական չափաբաժինն ու նվազեցնելով օրգանիզմին հասցվող վնասը, թե՛ դառնալ որպես ուղեկցող միջոց։ Սրանք արդեն հաջորդ փուլերի աշխատանքներ են, որոնք միայնակ հնարավոր չէ կատարել։ Անհրաժեշտ կլինեն դեղագետների, կենսաքիմիկոսների մասնագիտական խորհուրդները։
Լաբորատորիայում ստեղծված են հնարավորություններ արդյունավետ աշխատանքի համար
Գիտական ղեկավարս շատ է օգնում, մասնագիտական խորհուրդներ տալիս և ուղղորդում։ Ես սիրում եմ փորձերը նրա հետ միշտ քննարկել։ Յուրաքանչյուր փորձից հետո աշխատանքը շարունակելու մի քանի տարբերակ է առաջանում, դրանցից որևէ մեկն ընտրելու համար մասնագիտական խորհրդի և ուղղորդման անհրաժեշտություն է լինում։
Փորձերի համար անհրաժեշտ սարքավորումներն ունենք, հնարավոր է՝ մեկ լաբորատարորիայում տեղակայված չլինեն բոլոր սարքավորումները, բայց գործակցության շրջանակում մեր ամբիոնի տարբեր լաբորատորիաներում հնարավորություն է ընձեռվում հանգիստ կատարելու մեր փորձերը։ Մեր կողքին աշխատում են նաև բազմաթիվ երիտասարդ գիտնականներ, ինչը մեծ ակտիվություն է ստեղծում միջավայրում և մոտիվացնում մեզ։ Լաբորատորիայում միշտ աշխատանքային աշխուժություն կա։ Հետազոտությունների ժամանակ կարևոր է նպատակներ սահմանելը, նորի հետևից գնալը, երբեք կանգ չառնելը և առաջ գնալը։
Ես համալսարանի նվիրյալ եմ
Երբ ընդունվեցի համալսարան, շատ սիրեցի ԵՊՀ-ն, ու հետագայում այստեղ աշխատելը դարձավ երազանք։ Բակալավրիատում սովորելու տարիներին ֆակուլտետային ուսանողական խորհրդում արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատուն էի։ Այդ շրջանում ծանոթացել էի արտերկրի կրթական ծրագրերին, հետագայում դիմել դրանցից մեկին և հաղթող ճանաչվել։ Սակայն համալսարանում աշխատելու առաջարկ ստանալով՝ չեմ երկմտել, ընտրել եմ ԵՊՀ-ում մնալն ու աշխատելը։
Արդեն մագիստրատուրայում հնարավորություն ունեցա լինելու գիտական աշխատանքիս ղեկավարի թիմում՝ որպես գիտաշխատող։ Այդ ժամանակ արդեն ոգևորված էի, որոշեցի ուսումս շարունակել ԵՊՀ ասպիրանտուրայում՝ չնայած այն հանգամանքին, որ հնարավորություններ կային ուսումս արտերկրում շարունակելու։ Եթե մի օր գնամ արտերկրում սովորելու, վստահ եմ՝ նորից կվերադառնամ ԵՊՀ։ Ուզում եմ դասախոս դառնալ, որպեսզի իմ գիտելիքները փոխանցեմ նաև գիտության աշխարհ նոր մուտք գործողներին։ Համալսարանը, բացի գիտական ու կրթական միջավայրից, նաև ընտանիք է, որտեղ բոլորը պատրաստակամ են միմյանց օգնելու։ Այս թիմային աշխատանքը ինձ շատ է դուր գալիս, ու ինքս էլ փորձում եմ բոլորին օգնել՝ գիտելիքներս ու հմտություններս փոխանցելով ըստ անհրաժեշտության։ Ես համալսարանի նվիրյալ եմ։