ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Աստղիկ Ղազարյանը «Էրազմուս+» ծրագրի (Staff week) շրջանակում մեկշաբաթյա աշխատանքային այցով եղել է Հումբոլդտի համալսարանում (Գերմանիա):
Մեզ հետ զրույցում Ա. Ղազարյանը ներկայացրեց աշխատանքային այցի ժամանակ քննարկված առանցքային հարցերը, մասնավորապես՝ ԵՊՀ-ի և Հումբոլդտի համալսարանի գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները բնագիտական ոլորտում:
Մեկ շաբաթ տևած քննարկմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ այլ երկրների համալսարաններից: Քննարկման առանցքում են եղել տարածաշրջանային «էրազմուս+» ծրագրերը, դիտարկվել դրանց ընձեռած հնարավորությունները, կազմակերպվել հանդիպումներ Հումբոլդտի համալսարանի տարբեր ինստիտուտների ներկայացուցիչների հետ:
Կենսաբանության ֆակուլտետը ԵՊՀ առաջին ֆակուլտետներից է, որն «Էրազմուս+» ծրագրի շրջանակում գործընկերային հարաբերություններ է հաստատել Հումբոլդտի համալսարանի հետ: Խոսելով երկու համալսարանների գործակցային հարաբերություններից՝ Աստղիկ Ղազարյանը նշեց․ «2016 թվականից գործում է ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման այս ծրագիրը։ Ծրագիրը գրելու գործում մեծ դեր ունի Կենդանաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարինե Առաքելյանը: Գրեթե յուրաքանչյուր տարի Հումբոլդտի համալսարան ենք ուղարկում 2 ուսանողի: Հատկապես կարևորում ենք ուսանողներին արտերկրում, այս դեպքում գերմանական լավագույն բուհերից մեկում կրթություն տրամադրելու հնարավորությունը, քանի որ այն բարձրորակ կրթություն ապահովելու կարևոր նախապայմաններից է»:
Այժմ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի ուսանողները հնարավորություն ունեն մեկ կիսամյակ ուսանելու Հումբոլդտի համալսարանի կենսաաշխարհագրության ֆակուլտետում, քննարկվել է նաև Կենսաբանության ֆակուլտետը ներառելը։
«Կարևոր ենք համարում գործակցող ֆակուլտետների թվի ավելացումը, քանի որ դա ուսանողներին հնարավորություն կտա ստանալու ավելի նպատակային և անհրաժեշտ գիտելիքներ: Կենսաբանության ֆակուլտետը ներառելու մեր առաջարկն ընդունվել է։ Ներֆակուլտետային որոշակի հարցեր կարգավորելուց հետո այն ուժի մեջ կմտնի»,- պատմեց Ա. Ղազարյանը:
Առանցքային է նաև առարկաների ընտրության հարցը: ԵՊՀ ուսանողները կատարում են երկրորդային ընտրություն՝ արդեն ընտրված ցուցակից: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու առարկայացանկի առաջնային ընտրությանը:
«Կան մեթոդներ և առարկաներ, որոնք չափազանց կարևոր են մեզ համար։ Նախընտրելի է, որ մեր ուսանողները վերադառնան դրանք յուրացրած: Սակայն արդեն որոշակի ընտրություն անցած ցուցակից այդ առարկաները երբեմն բացակայում են: Հետևաբար հենց սկզբնական առարկայացանկից ուսումնասիրվող կրթական ծրագրերի ընտրությունը ուսանողներին հնարավորություն կտա կատարելու իրենց և ԵՊՀ-ին անհրաժեշտ առարկայական ճիշտ ընտրություն»,- ասաց դոցենտը:
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում հանդիպումներ են եղել նաև ծրագրի համակարգողների հետ, քննարկվել կազմակերպչական մի շարք խնդիրներ: «Հետաքրքիր էր լսել նաև հետադարձ կարծիք մեր ուսանողների մասին. չէ՞ որ նրանք ներկայացնում են ոչ միայն ԵՊՀ-ն, այլև Հայաստանը: Գրեթե բոլորն ասում էին, որ մեր ուսանողները կազմակերպված են, խելացի և պատրաստակամ՝ նորը սովորելու։ Նման կարծիք լսելը պարտավորեցնող ու նաև կարևոր էր՝ համոզվելու, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»,- ասաց Ա. Ղազարյանը:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնում այժմ գործում է «Էրազմուս+»-ի 4 ծրագիր, որը համակարգում է Կենդանաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարինե Առաքելյանը: Ուսանողները հնարավորություն ունեն կրթությունը շարունակելու Տարտուի (Էստոնիա), Հումբոլդտի (Գերմանիա), Կարլովի (Չեխիա), Ս. Վիշինսկու անվան (Լեհաստան) համալսարաններում: Այժմ քննարկվում է գործակցության հնարավորություն նաև Բոննի համալսարանի հետ (Գերմանիա):
Կարևորելով արտասահմանյան հեղինակավոր բուհերում կրթությունը՝ Ա. Ղազարյանը նշեց. «Նմանօրինակ ծրագրերն արդյունավետ են և՛ դասախոսների, և՛ ուսանողների համար: Ուսանողների բարձրորակ կրթությունն ու բազմակողմանի զարգացվածությունը հատկապես կարևոր է շարունակական առաջընթաց գրանցելու համար»,- եզրափակեց իր խոսքը դոցենտը:
Էմիլյա Հոսյան