Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («FAST») «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի շրջանակում տարբեր գիտակարգերի մասնագետներ իրագործում են նորարարական գաղափարներ և հետազոտական նախագծեր: Համալսարանականները ևս ակտիվորեն մասնակցում են այսօրինակ նախագծերի՝ արձանագրելով նշանակալի արդյունքներ։
Վերջերս ամփոփվել է «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի նախագծերից մեկը՝ Երևանի պետական համալսարանի համաֆինանսավորմամբ իրականացված «Կենսատեխնոլոգիա» քառամյա հետազոտական նախագիծը, որի գիտական ղեկավարն էր անվանի միկրոկենսաբան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը։ Նրա ղեկավարած գիտական խմբում ընդգրկված են եղել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ներկայացուցիչները՝ ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտներ Աննա Փոլադյանը, Հովիկ Փանոսյանը, Արմինե Մարգարյանը, ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանը, նույն ԳՀ ինստիտուտի ավագ լաբորանտներ Դիանա Ղևոնդյանը և Մանե Թադևոսյանը, Կենդանաբանության լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Սարգիս Աղայանը, Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի փորձագետ Էլա Մինասյանը, Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Ռիմա Ավետիսյանը։
Նախագծի ավարտին՝
հայտնաբերվել է միկրոպլաստիկի մանրէաբանական քայքայման և էներգակիրների արտադրության առավել արդյունավետ մոտեցում,
հաստատվել են միջազգային նոր կապեր, այդ թվում՝ համագործակցություն «Եվրասիա» նախագծի շրջանակում (ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի, Գերմանիայի և Ղազախստանի մասնագետների ներգրավմամբ),
տրվել է գերմանական «MicroHarvest»-ի հետ համատեղ R&D համագործակցային ծրագրի մեկնարկը,
տպագրվել են գիտական 6 հոդվածներ, որոնցից 4-ը՝ Q1, 2-ը՝ Q2 վարկանիշ ունեցող ամսագրերում։
Գիտական խմբի ներկայացուցիչները մասնակցել են միջազգային գիտաժողովների և այցելել գիտական ղեկավարի՝ Համբուրգում գտնվող լաբորատորիա։
130-ից ավելի մասնակիցների ներգրավմամբ անցկացվել են նաև վերապատրաստման 4 դասընթացներ և խորհրդատվություն կենսատեխնոլոգիայի ոլորտում։
Շնորհավորում ենք մեր գիտնականներին և մաղթում արգասաբեր գիտական գործունեություն։