Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա
Բակալավրի կրթական ծրագիր
Առկա ուսուցմամբ «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» կրթական ծրագիրը մեկնարկել է 2022 թ:
Ծրագրի ընդունելության պահանջները
Առկա ուսուցմամբ «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» կրթական ծրագրի դիմորդները պետք է հանձնեն հետևյալ քննությունները.
- կենսաբանություն (պարտադիր)
- ֆիզիկա կամ քիմիա (ըստ դիմորդի ընտրության)
- հայոց լեզու (ոչ մրցութային)
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի բնագավառներում հիմնարար գիտելիքներով և հմտություններով օժտված, գիտահետազոտական և մանկավարժական աշխատանքներ կատարող, արտադրության մեջ կենսաբանական տեխնոլոգիաների օգտագործմանը և ներդրմանը տիրապետող մասնագետներ, որոնք ունակ կլինեն բացատրելու կենդանի նյութի բաղադրության հիմնական առանձնահատկությունները և նրա բաղադրամասերի կառուցվածքը, հատկությունները, կենսանյութափոխանակային գործընթացները և դրանց կարգավորման մեխանիզմները, նախագծելու ծրագրեր մանրէների և բույսերի կենսագործունեության արգասիքները կենսատեխնոլոգիական արտադրության, բժշկության, դեղագործության բնագավառներում օգտագործելու համար, կատարելու կենսաբանական տարբեր նմուշների կենսաքիմիական, մոլեկուլակենսաբանական, բջջագենետիկական և մանրէաբանական վերլուծություններ: Մասնագիտական պրակտիկան անցկացվում է գիտահետազոտական ինստիտուտներում և ոլորտային տարբեր կազմակերպություններում։ Մասնակցելով մանկավարժական կրթաբլոկի դասընթացներին (կամընտրական)՝ շրջանավարտները ստանում են մանկավարժի որակավորում:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու կենսաբանության և հարակից ոլորտներում գործող կազմակերպություններում, ձեռնարկություններում և կենտրոններում, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում որպես ուսուցիչ (մանկավարժի որակավորմամբ), դասախոս, ուսումնաօժանդակ և գիտաօժանդակ աշխատակից, կենսաքիմիական և մանրէաբանական լաբորատորիաների աշխատակից, բժշկական լաբորատորիաներում որպես կենսաքիմիկոս-մասնագետ, մանրէաբան-մասնագետ, համապատասխան վերապատրաստումից հետո՝ բժշկաքիմիական վերլուծման բժիշկ և այլն: