.
Հեռուստալրագրություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
«Հեռուստալրագրություն» մագիստրոսական կրթական ծրագիրը պրակտիկ և հետազոտահենք «TV լաբ» է, որտեղ ուսանողները ֆակուլտետի դասախոսների, Հայաստանի հանրային հեռուստաընկերության և առաջատար այլ մեդիաընկերությունների փորձառու մասնագետների անմիջական մասնակցությամբ կզարգացնեն կադրում և կադրից դուրս աշխատելու վարպետությունը՝ կիրառելով ոլորտի առաջադեմ փորձը պրակտիկ և հետազոտական ոլորտներում:
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով՝ ըստ ԵՊՀ-ում գործող կարգի:
«Հեռուստալրագրություն» ծրագրի հարցաշարը՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել հեռուստալրագրողներ, որոնք կաշխատեն կադրում և կադրից դուրս՝ հմտորեն կիրառելով ոլորտի առաջադեմ փորձն ու լրագրողական նոր պրակտիկաներն ավանդական և առցանց հեռուստատեսությունում: Հիմնական նպատակներից է զարգացնել հեռուստատեսությունում արտադրական գործընթացներ իրականացնելու և վերահսկելու կարողություններ, ձևավորել հեռուստակարիերա վարելու պրակտիկ և հետազոտական հմտություններ այսօրվա արագ փոփոխվող, բազմապրոֆիլ թվային մեդիադաշտում կիրառելու համար:
Առավելությունները
Կրթական ծրագրում ուսումնառելու տարիներին ուսանողները կսովորեն համագործակցային ակտիվ ուսուցման միջավայրում՝ մասնակցելով գիտելիք և հմտություն ստեղծելու, մշակելու և պահպանելու գործընթացներին, դառնալով կրթական բովանդակության համահեղինակ: Նրանք հնարավորություն կունենան ակտիվորեն ներգրավվելու փորձարարական ձևաչափի դասընթացներում (նյուզռումային դասապրոցես, երկու դասախոսի միաժամանակյա ներկայություն լսարանում, խոսքի վարպետության ինտենսիվ դասաժամեր), ինչպես նաև հաղորդակից կդառնան հեռուստաարտադրանքի թողարկման գործընթացին թե՛ ԵՊՀ #Ժուռֆակ-ի ինովացիոն մեդիակենտրոնում և փորձարարական հեռուստաստուդիայում, թե՛ ՀՀ առաջատար հեռուստաընկերությունների և առցանց լրատվամիջոցների տաղավարներում: Ուսանողները կծանոթանան հեռուստաոլորտին առնչվող ժամանակակից տեսություններին, հետազոտական էթիկայի՝ միջազգայնորեն կիրառվող ուղենիշներին ու սկզբունքներին:
Կարիերայի հնարավորությունները
«Հեռուստալրագրություն» մագիստրոսական կրթական ծրագիրը կիրականացվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ գործակցությամբ, ինչը բացառիկ է դարձնում ծրագիրն ամբողջությամբ՝ բովանդակության, կազմակերպման, կրթական վերջնարդյունքների ու ակնկալիքների տեսանկյունից:
Պատմություններ փնտրելու, գաղափարներ առաջադրելու, մշակելու և իրականացնելու, փաստերն ուսումնասիրելու, (հարցա)զրույց վարելու, այդ ամենը տեսալսողական գրագետ և ուշագրավ ձևաչափով ներկայացնելու պարտադիր և ցանկալի կարողություններն ու հմտությունները, որոնք ձեռք կբերեն սովորողները, մեծ պահանջարկ ունեն մեդիահաղորդակցության, զանգվածային լրատվամիջոցների և մասնավորապես հեռուստատեսության ոլորտում:
Ծրագրի ավարտին շրջանավարտները հեռուստաընկերություններում և տեսալսողական արտադրանք թողարկող առցանց լրատվամիջոցներում գործունեություն ծավալելու առավել մրցակցային և տեսանելի հնարավորություններ կունենան: Նրանք կարող են աշխատանքի անցնել ՀՀ-ում (մարզերում և մայրաքաղաքում) գործող հեռուստաընկերությունների տարբեր խմբագրություններում, ինչպես նաև այն առցանց լրատվամիջոցներում, որտեղ ակտիվ է վիդեոբովանդակության բաժինը:
Կադրում և կադրից դուրս աշխատելու մասնագիտական կարողությունները մեծ կողմնորոշիչ կլինեն նաև նրանց համար, ովքեր աշխատանքի կանցնեն ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի, ՀՀ նախարարությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումներում և այլուր։
Հեռուստալրագրության ոլորտի պրակտիկ հմտություններն ու առաջավոր փորձի մասին իմացությունը մեծապես կօգնեն սովորողներին տարբեր կազմակերպությունների և ընկերությունների գովազդային, սոցիալական մեդիամարքեթինգի (SMM) ոլորտներում գործունեություն ծավալելիս, մասնավորապես տեսալսողական բովանդակություն մշակելու, սցենար գրելու, կարճ տեսանյութեր պատրաստելու և այդ գործընթացները կառավարելու փուլերում:
Հետազոտահենք կարողությունները կօգնեն համակարգային մոտենալ հեռուստաարտադրանքի ստեղծմանը. մեդիափոխակերպումների արդյունքում ձևավորված «բովանդակություն՝ ցպահանջ» իրողության պայմաններում շրջանավարտները կկարողանան ոչ միայն պատրաստել գրագետ և ուշագրավ վիդեոբովանդակություն ավանդական և առցանց հեռուստալսարանի համար, այլև ունակ կլինեն կառավարելու արտադրական գործընթացներ և դրսևորելու ստեղծագործական լիդերին հատուկ որակներ, հստակորեն կպատկերացնեն ոլորտի շարժընթացները, կարժևորեն տվյալահենք որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը և թիմի կարիքները գնահատելու կարևորությունը:
Առցանց մեդիահարթակներում հեռարձակվող հաղորդաշարերը ևս կարող են դառնալ աշխատանքային հարթակ շրջանավարտների համար: Տեսալսողական արտադրանք թողարկելու համար անհրաժեշտ հմտությունները, որոնք ձեռք կբերեն սովորողները, հնարավորություն կտան պատրաստելու և մատուցելու որակյալ այլընտրանք այդ մեդիատարածքներում գոյություն ունեցող վիդեոկոնտենտին: Նրանք կարող են հանդես գալ նաև հեղինակային նախագծերով՝ ոլորտում նոր ասելիք և ոճ ներկայացնելու արդարացի հավակնություններով: