Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Արդի արևելահայերենի բառապաշարն անընդմեջ զարգացման ընթացքում է, որի արագությունը և ուղղությունները պայմանավորված են ամենից առաջ պետական լեզվի կարգավիճակով, գիտության առաջընթացով և լեզվակիր հանրույթի ընդլայնվող միջազգային, համաշխարհային շփումներով: Բառապաշարի հարստացումը տեղի է ունենում տարբեր մակարդակներով, տարբեր աղբյուրներից. այս տեսանկյունից պետության և մասնագետների գերխնդիրն է կարգավորել բառապաշարի համալրման անհրաժեշտ գործընթացը, հնարավորինս կանոնակարգել այն՝ նվազեցնելով տարերայնությունը և անմիօրինակությունը, որոնք լեզվական համակարգի զարգացման խոչընդոտ են: Սույն թեմայի շրջանակներում հետազոտվելու է գրաբարի դերը 21-րդ դարում արդի արևելահայերենի բառապաշարի, հատկապես տերմինաշինության հարստացման գործընթացում: Oտար բառերի և տերմինների հայերեն տարբերակների մշակման դարավոր ավանդույթը արդյունավետ հիմք է նոր հասկացությունների հայերեն համարժեքների որոնման համար: Ուսումնասիրվելու են հին հայերեն դասական և հետդասական շրջանի մատենագիտական ինքնուրույն և թարգմանական երկերի, մասնավորապես հունաբան և լատինաբան գործերի բառապաշարը, գրաբարի բառարանները, որտեղ բառային մեծ հարստություն կա՝ արդիական դառնալու մեծ ներուժ ունեցող: Հետազոտության արդյունքում բառարան-շտեմարանի կառուցվածքով համակարգվելու են գրաբարյան այն միավորները, որոնք արդի հայերենում դարձել են կենսունակ: