Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ակնհայտ է, որ ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ արաբալեզու միջավայրում Արցախյան երկրորդ պատերազմը կարևոր տեղեկատվական ազդակ էր, որից հետո այդ կոնֆլիկտի մասին սկսեցին գրել անհամեմատ ավելի շատ, քան վերջին տասնամյակում: Դա է ցույց տալիս նաև Գուգլ Թրենդզ կայքում Լեռնային Ղարաբաղ փնտրանքի աշխարհագրական արդյունքների դիտարկումը : Հայաստանի Հանրապետության ու Արցախի անվտանգության, ինչպես նաև հայությանը, հատկապես Մերձավոր Արևելքի հայկական համայնքներին սպասվող մարտահրավերները և զարգացումները անհրաժեշտ է ուսումնասիրել և գնահատել։ Այս հետազոտության նպատակն է պատասխանել այդ հարցերին արաբալեզու թվային մեդիայի բովանդակային ուսումնասիրության միջոցով։ Նախատեսվում է ուսումնասիրել արաբական տարբեր երկրների պաշտոնական հաղորդագրությունները, զանգվածային լրատվամիջոցներում թեմայի արձագանքները, սոցիալական ցանցերում՝ մասնավորապես մեծ թվաքանակ և դիտելիություն ու ազդեցություն ունեցող այս կամ այն խմբերում արծարծված թեմաները և դրանց բովանդակությունը: Թեմայի կարևորությունը և արաբալեզու միջավայրում դրա շուրջ քննարկումներն ավելի են կարևորվում նաև կոնֆլիկտում արաբախոս վարձկանների ներգրավման համատեքստում: