Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
1920 թ. թուրք–հայկական պատերազմը հայոց նորագույն պատմության կարևորագույն իրադարձություններից է։ Չնայած այս թեմայի վերաբերյալ առկա հետաքրքրությանը` դեռ կան դրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք կարոտ են նորովի ուսումնասիրոթյան։ Եթե Հայաստանում առկա արխիվային նյութի հիմնական մասն այժմ դրված է գիտական շրջանառության մեջ, ապա զարմանալիորեն ուսումնասիրողները մեծապես անտեսել են հայկական մամուլը, որը հետաքրքիր է ոչ միայն պատերազմի նախօրյակին, ընթացքում ու դրանից հետո ռազմագործողությունների լուսաբանման, այլ առավելաբար հայ հանրության շրջանում պատերազմի ու դրա հետևանքների ընկալման, հայկական ինքնության վրա դրանց ազդեցության տեսանկյունից։ Մինչ օրս համակողմանի քննության չի ենթարկվել նաև խնդրի մարդաբանական-մշակութաբանական դիտանկյունը․ ինքնության հարցեր, ինքնապատկերացումներ և թուրքերի մասին պատկերացումներ։ Այս առումները, բացի զուտ գիտականից, ունեն կարևոր կիրառական նշանակություն, քանի որ այսօր ևս հայությունը վճռորոշ ջրբաժանի առաջ է կանգնած ու ճիշտ ընտրության հիմքում պետք է դրվեն միտքը, գիտելիքն ու իմացությունը։ Սույն ծրագրով համալիր կերպով, բազմամասնագիտական թիմով, ուսումնասիրվելու են թուրք–հայկական պատերազմի մասին նյութերը 1920-1940–ական թթ. թե՛ Առաջին հանրապետության, թե՛ սփյուռքահայ, թե՛ խորհրդային մամուլում։ Կարևոր տեղ է հատկացվելու պատերազմի ունեցած հետևանքներին ինքնության համատեքստում։