Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Տարիներ շարունակ Թուրքիան՝ աշխարհիկ հասարակարգով և Եվրամիությանն ինտեգրվելու ցանկությամբ համարվում էր իսլամական ինքնության և արևմտյան արժեքների համակեցության «հաջողված օրինակ»։ 2002 թ․ Թուրքիայում իշխանության գլուխ եկած Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) եվրաինտեգրման գաղափարից աստիճանական հեռացումը, երկրի ներսում իսլամական վեկտորի ուժեղացումը, արտաքին քաղաքական դաշտում ակտիվացումը ցույց տվեցին, որ Թուրքիան փորձում է հրաժարվել «արևմտականացման» ճանապարհից և զարգացման նոր մոդել է փնտրում։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից պարզ է դառնում, որ այդ մոդելն առավելագույնս հակադրվելու է քեմալիզմին և հարելու հանրապետության գոյության ողջ ընթացքում աշխարհիկության դեմ հանդես եկող թուրքական պահպանողականության գաղափարներին։ Սույն հետազոտական ծրագրի շրջանակներում փորձելու ենք ուսումնասիրել նշանավոր թուրք պոետ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և իսլամական պահպանողականության գաղափարախոս, նախագահ Ռ․ Թ․ Էրդողանի «գաղափարական կնքահայր» Նեջիփ Ֆազըլ Քըսաքյուրեքի ստեղծագործական մեծ ժառանգությունը, վերլուծել հեղինակի առաջարկած իսլամական-պահպանողականության մոդելի առանձնահատկությունները և ներկայացնել դեռևս XX դարի 60-70-ական թվականներին ձևավորված քըսաքուրեքյան փիլիսոփայության հիմնասյուների արտացոլումը ԱԶԿ գաղափարախոսության մեջ։