Ընդհանուր տվյալներ
L-գլիցինը ամենապարզ, սակայն կարևոր ամինաթթու է, որը հայտնաբերվել է գրեթե բոլոր կենդանի օրգանիզմներում և կարևոր դեր է կատարում որպես մետաբոլիկ ուղիների միջնորդանյութ, ազդանշանային մոլեկուլ, բջջի «շինանյութ», ֆերմենտի կոֆակտորների սինթեզի աղբյուր կամ հավելանյութ բջիջների աճի համար: Cupriavidus necator H16 (Ralstonia eutropha)-ն ունի լայնածավալ նյութափոխանակություն և սինթեզում է բնական կենսակատալիզատորներ, մասնավորապես՝ O2-կայուն H2-օքսիդացնող հիդրոգենազներ:
Օգտագործելով այս մանրէի ողջ կենսապոտենցիալը և օպտիմալացնելով հետերոտրոֆ աճի պայմանները՝ հնարավոր է ստանալ մեծ ծավալով կենսավառելիք և կենսաարտադրանք: Վերջերս կատարված փորձերը ցույց են տվել, որ որոշ L-ամինաթթուներ, ինչպիսիք են գլիցինը և պրոլինը, որոնք օգտագործվում են 0,7 մկմոլ/մլ կոնցենտրացիայով, զգալիորեն բարելավում են բակտերիայի աճը, խթանում O2-կայուն հիդրոգենազների սինթեզը (Iskandaryan et al., 2023): Հետևաբար, կարևոր է ուսումնասիրել այն օպտիմալ պայմանները, որոնցում L-գլիցինի օգտագործմամբ կարելի է ստանալ C. necator H16-ի ակտիվ հիդրոգենազներ պարունակող կենսազանգված: Բացի դրանից՝ կարևոր է մեկուսացնել և մաքրել այս ակտիվ ֆերմենտները և կատարել կենսաքիմիական հատկությունների հետազոտություն: