Ընդհանուր տվյալներ
Ներկայում կիրառվող «վերցնել-պատրաստել-թափել» էկոլոգիական մոդելը հանգեցրել է թափոնների կուտակման և ռեսուրսների սպառման։ Օգտագործելով նոր՝ «կրճատել-վերօգտագործել-վերամշակել» էկոլոգիական մոդելը՝ հեռանկարային է խմորվող ածխաջրածիններով հարուստ թափոնների կենսավերափոխումն արժեքավոր վերջնանյութերի։ Saccharomyces cerevisiae-ն արդյունավետ օբյեկտ է՝ հետազոտելու կենսաքիմիական գործընթացներն ու կենսաէներգետիկական ցուցանիշները ածխածին պարունակող օրգանական թափոնների կենսաքիմիական վերափոխման ընթացքում, ինչի արդյունքում կարող են նպաստավոր պայմաններ առաջարկվել կենսաէթանոլի, սպիտակուցային խտանյութի, վիտամինների և արժեքավոր այլ նյութերի ստացման համար։
Թափոնների վերամշակման ուղիով վերջնանյութերի արտադրման բարձր ելք ապահովելու համար կարևոր է հաշվի առնել թափոններում ածխաջրերի բարձր կոնցենտրացիաները, նրանց խառնուրդների առկայությունը և մեծ թվով արգելակիչների ազդեցությունը։ Կարևոր է նաև հետազոտել կենսաքիմիական վերափոխման գործընթացներում վերջնանյութերի առաջացման համար պատասխանատու ֆերմենտների ակտիվությունը։ Այս տեսակետից արդիական է խմորասնկերում ածխաջրերի և դրանց խառնուրդների նյութափոխանակային ուղիների ուսումնասիրումը և կենսաէներգետիկական ցուցանիշների բնութագրումը։
Ստացված արդյունքները կիրառելի կլինեն թափոնների արդյունավետ վերամշակման համար՝ տարբեր արժեքավոր նյութերի բարձր ելք ստանալու նպատակով։