Ընդհանուր տվյալներ
Հետազոտության շրջանակում ուսումնասիրվելու են Հայաստանի ֆլորայի բարձր հակաօքսիդանտային ակտիվությամբ բույսերի կենսաակտիվ միացությունները՝ թիրախավորելով միկրոգլիալ բջիջների կուլտուրաներում բորբոքային պրոցեսների և հակաօքսիդանտային համակարգի ֆերմենտների վրա դրանց ազդեցությունը:
Հաշվի առնելով օքսիդային սթրեսի և բորբոքային գործընթացների դերը նեյրոդեգեներատիվ և սիրտանոթային հիվանդությունների զարգացման մեջ՝ կարող ենք ասել, որ բուսական ծագման կենսաակտիվ միացությունները կարող են պաշտպանիչ ազդեցություն ունենալ:
Ուսումնասիրվելու է դրանց ազդեցությունը BV-2 վայրի տիպի և ACOX1-ի անբավարարությամբ միկրոգլիալ բջիջների (օքսիդային սթրեսի և նյարդային բորբոքման մոդելներ) վրա: Հիմնական մեթոդները ապահովում են հակաօքսիդանտային ներուժի, բջջատոքսիկության գնահատման և գեների արտահայտման վերլուծությունը՝ կապված հակաօքսիդանտային համակարգի ֆերմենտների և բորբոքային գործընթացների հետ:
Ուսումնասիրությունները նպատակ ունեն պարզաբանելու բույսերից ստացված հակաօքսիդանտների կարգավորիչ դերը օքսիդային սթրեսի և բորբոքային գործընթացների դեպքում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի մշակել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման նոր մեթոդներ: Արդյունքները կհրապարակվեն և կներկայացվեն գիտաժողովներում՝ ընդգծելով ուսումնասիրության արդիականությունն ու նորույթը: