Ընդհանուր տվյալներ
Ֆոնային տարածաժամանակի երկրաչափությունից վակուումային վիճակի հատկությունների կախվածությունը քվանտային դաշտի տեսության առավել հետաքրքիր հետազոտական ուղղություններից է:
Նախագծի շրջանակում կուսումնասիրվի տարածական տոպոլոգիայի, կորության և սահմանների համակցված ազդեցությունը սկալյար, ֆերմիոնային և էլեկտրամագնիսական վակուումների լոկալ ֆիզիկական բնութագրերի վրա: Կքննարկվեն ֆոնային երկրաչափության երեք տարբեր դասեր՝ Ռինդլերի տարածաժամանակ, դե Սիտտերի և անտի-դե Սիտտերի տարածաժամանակներ և Ֆրիդման Ռոբերտսոն-Ուոքերի կոսմոլոգիական մոդելներ:
Ոչ տրիվիալ տոպոլոգիան պայմանավորված է տարածական չափողականությունների մի մասի տորոիդալ կոմպակտացմամբ: Խնդիրների մի մասում ենթադրվում է հարթ սահմանների առկայություն: Ոչ տրիվիալ տոպոլոգիան և սահմանները առաջացնում են տոպոլոգիական և սահմաններով մակածված Կազիմիրի էֆեկտներ ֆիզիկական մեծությունների համար: Որպես այդպիսին կդիտարկվեն դաշտի քառակուսու, ֆերմիոնային կոնդենսատի, էներգիա-իմպուլսի թենզորի և լիցքավորված դաշտի հոսանքի խտության միջին արժեքները: Կքննարկվեն կիրառությունները ինֆլյացիոն մոդելներում, բրան աշխարհների մոդելներում և գլանաձև սև խոռոչների ֆիզիկայում: