Ընդհանուր տվյալներ
Լազերով գեներացվող էլեկտրոնների արագացման տեխնոլոգիական առաջընթացը հնարավորություն է տալիս ճառագայթային ալիքները ճշգրիտ ուղղելու դեպի թիրախ բջիջներ՝ նվազագույն կողմնակի ցրումով: Առանձնակի հետաքրքրություն է առաջացնում նման ճառագայթման զուգակցումը քաղցկեղի միկրոմիջավայրը ձևափոխող քիմիական նյութերի հետ: Քաղցկեղի զարգացման ընթացքում բջիջներից արտանետվող էքզոսոմները նպաստում են ուռուցքի աճին և մետաստազավորմանը: Էքզոսոմների արգելակումը ճնշում է քաղցկեղային բջիջների բազմացումը, սակայն դրանց արգելակման զուգակցումը ռադիոթերապիայի հետ դեռևս ուսումնասիրված չէ: Վերջերս ցույց է տրվել, որ AREAL արագացված էլեկտրոններով ճառագայթումը մակածում է ավելի դանդաղ ռեպարացվող ԴՆԹ-ի վնասվածքներ՝ համեմատած ռենտգենյան ճառագայթների:
Այս նախագծի նպատակն է գնահատել էքզոսոմների արգելակման ազդեցությունը արագացված էլեկտրոններով ճառագայթված քաղցկեղային բջիջների ռադիոզգայնության վրա: Ուսումնասիրությունները կկատարվեն MRC5, MCF-7 և HeLa բջջային գծերի վրա: Որպես գենոտոքսիկության ստանդարտ թեստ կկիրառվի ԴՆԹ կոմետ մեթոդը, Q-FISH մեթոդով կկատարվի թելոմերների երկարության վերլուծությունը, իսկ արտաբջջային ԴՆԹ-ն կգնահատվի որպես նոր կենսամարկեր արագացված էլեկտրոններով ճառագայթված բջիջներում:
Ստացված արդյունքների հիման վրա հնարավոր կլինի առաջարկել մոլեկուլային նոր թիրախներ՝ քաղցկեղային բջիջների ռադիոզգայնության բարձրացման համար: