Ընդհանուր տվյալներ
Ներկայում շատ կարևոր է գտնել վերամշակման տեխնոլոգիաներ՝ արդյունաբերական և գյուղատնտեսական թափոնները ավելի արդյունավետ օգտագործելու համար: Միևնույն ժամանակ, մատչելի, մաքուր և այլընտրանքային էներգիայի աղբյուրներ գտնելը առաջնահերթություն է: Թափոնների արդյունավետ վերամշակումը կարող է հանգեցնել պոլիմերների քայքայման և այնպիսի սուբստրատների առաջացման, որոնք կարող են օգտագործվել միկրոօրգանիզմների կողմից:
E. coli-ն ածխածնի տարբեր աղբյուրների յուրացման ժամանակ արտադրում է մոլեկուլային ջրածին (H2), Clostridium sp. – կենսաջրածին, կենսաբութանոլ և կենսաէթանոլ, որոնք կարող են օգտագործվել որպես այլընտրանքային և վերականգնվող էներգիայի աղբյուր:
Խառը մանրէաբանական կուլտուրաները (արհեստական կամ բնական կոնսորցիումներ) ունակ են խմորման վերջնանյութերն արտադրել շատ ավելի արդյունավետ:
Ծրագրի նպատակն է ուսումնասիրել կենսաբանական ճանապարհով կենսավառելիքների ստացումը օգտագործված սուրճի մնացորդներից և սուրճի թաղանթից։ Թափոնների մշակման պայմանների օպտիմիզացումը և արտադրանքի ցանկալի ելքը ներկայացնում են կարճ և արդյունավետ ուղի ավելի «կանաչ» էներգետիկ ապագայի համար: Արդյունավետ օգտագործելով օրգանական մնացորդները՝ մենք նպաստում ենք շրջանաձև տնտեսությանը: Այս մոտեցումը համահունչ է կայունության սկզբունքներին, ԿԶ նպատակներին և «Կանաչ գործարքի» ռազմավարությանը՝ նվազեցնելով թափոնները և խթանելով փակ համակարգը: