Ընդհանուր տվյալներ
Ծրագիրն ուղղված է խորհրդային արդյունաբերական քաղաքի և դրա հետարդյունաբերական ու հետ-խորհրդային փոխակեպումների ուսումնասիրությանը։ Հայաստանի ներկա քաղաքների ճնշող մեծամասնությունն առաջացել է խորհրդային ինդուստրիալիզացիայի շրջանում՝ որպես խորհրդային արդիականացման գործընթացների արդյունքներից մեկը։ Այդ քաղաքների բնակչության ձևավորումը, սոցիոմշակութային զարգացումները ամբողջությամբ ընթանում էին արդյունաբերական հիմնարկների շուրջ և պայմանավորված էին խորհրդային կայսերականությանը բնորոշ տնտեսական-քաղաքական կաղապարներով։ Խորհրդային միության կազմալուծումն ու հետխորհրդային իրողությունները հանգեցրին արդյունաբերական քաղաքների ապարդիականացմանը, ավերմանը ու սոցիալական ինքնությունների ու կենսակերպի կտրուկ փոխակերպմանը։ Այդ ամենը բարձրացնում է հետազոտական մի շարք կարևոր հարցադրումներ այդ գործընթացների պատճառաբանության, մեխանիզմների, ընկալումների, հանրային ներկայացման ու ապագայի վրա հնարավոր ազդեցության մասին։
Ծրագրի նպատակն է վերոնշյալը ուսումնասիրել հայաստանյան նախկին արդյունաբերական քաղաքներից մի քանիսի օրինակով։ Ծրագրի արդյունքում ստեղծվելու են այդ հարցերին անդրադարձող մի շարք գիտական տեքստեր, ինչպես նաև ծրագրում բարձրացված գիտական հարցադրումները ներկայացվելու են հանրային քննարկման գիտական ու գիտահանրամատչելի տարբեր հարթակներում։