Ընդհանուր տվյալներ
Ակնհայտ է Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող և ռազմավարական ռեսուրս հանդիսացող Սևանա լճի, լիճ թափվող գետերի, Դեբեդ և Արփա խոշոր գետավազանների սառցային երևույթների բնութագրերի հաշվարկը, ջրաէկոլոգիական անվտանգության և առանձնահատկությունների՝ գիտականորեն հիմնավորված հետազոտությունները, ինչպես նաև կանխատեսումները, հատկապես կլիմայի ժամանակակից փոփոխությունների համատեքստում:
Հետազոտության նպատակն է հաշվարկել և վերլուծել սառցային երևույթների բնութագրերը՝ հիմնվելով վերջին տարիներին ստացված ջրաօդերևութաբանական տեղեկատվության վրա և օգտագործելով ժամանակակից վերլուծության և հաշվարկների մեթոդները: Վերջիններս հնարավորություն կտան ուսումնասիրելու Հայաստանի տարբեր տարածաշրջանների գետերի սառցային ռեժիմի բնութագրերը, որոշելու տարածքի ջրաէկոլոգիական անվտանգությունը, գնահատելու դրանց հնարավոր փոփոխությունը՝ կապված կլիմայի գլոբալ տաքացման հետ, ինչպես նաև գնահատելու դրանց ջրաբանական առանձնահատկությունները և մշակելու կանխատեսման նոր մեթոդիկաներ։
Ստացված արդյունքները կարող են կիրառվել ջրային տնտեսության գործունեության պլանավորման և միջոցառումների իրականացման համար, գետերի ջերմային ռեժիմի ուսումնասիրության և կանխատեսման համար, ջրաէկոլոգիական անվտանգության գնահատման և ՀՀ տարածքի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և պահպանության ռազմավարությունների մշակման համար։