Ընդհանուր տվյալներ
Դոֆամին միջնորդանյութը ԿՆՀ-ում կարևոր կենսաբանորեն ակտիվ միացություն է, որի առաջացման հիմնական օջախները տեղակայված են միջին ուղեղի հատվածներում: Այս միջնորդանյութի կոնցենտրացիայի փոփոխություններն ընկած են ներկայումս լայն տարածում ստացած մի շարք նյարդաֆիզիոլոգիական ու հոգեբանական խնդիրների հիմքում: Հետևաբար՝ խիստ արդիական է այն խնդրի լուծումը, որը թույլ կտա որոշելու մարդու՝ դոֆամինի ֆիզիոլոգիական քանակները նորմայում և ախտաբանության դեպքում: Նման ախտորոշում կարելի է իրականացնել կենսասենսորային տեխնոլոգիաների միջոցով: Ներկայացված նախագծում առաջարկվում է որպես դոֆամինի կենսասենսորի հենք դիտարկել ՌՆԹ-ի մոդել հանդիսացող սինթետիկ միաշղթա և երկշղթա պոլիռիբոնուկլեոտիդները՝ poly(rA), poly(rU), poly(rG), poly(rC) և poly(rA)-poly(rU) ու poly(rG)-poly(rC): Նախատեսվում է պարզաբանել վերոնշյալ պոլինուկլեոտիդների հետ դոֆամինի փոխազդեցության առանձնահատկությունները: Բացի այդ՝ նախատեսվում է դոֆամին-պոլինուկլեոտիդ համակարգում դիտարկել ակրիդինային նարնջագույնի և մեթիլենային կապույտի դերը՝ որպես ստացվող ազդանշանի մոդուլյատորներ: Նշված պոլինուկլեոտիդային հաջորդականությունները ի-ՌՆԹ-ի պրոցեսինգի և տրանսլյացիայի կարգավորման տարբեր փուլերում կարևոր կարգավորիչ հաջորդականություններ են: Ուստի՝ դոֆամինի փոխազդեցությունը դրանց հետ նաև ուղղակիորեն ցույց կտա նրա մասնակցությունը գենային էքսպրեսիային: