Ընդհանուր տվյալներ
Սույն նախագծի ուսումնասիրության օբյեկտը/առարկան «Սասնա ծռեր» էպոսի գրական մշակումներն են և արվեստի տարբեր տեսակներում էպիկական նյութի դրսևորումները, այլ խոսքով՝ էպիկական նյութի մուլտիմոդալությունը (գեղանկարչություն, քանդակ, հարթաքանդակ, մանրանկար, պատկերազարդում, սցենար, կինո և այլն)։ «Սասնա ծռեր» էպոսը և դրանից արտագծված տեքստերը (Թումանյան, Իսահակյան, Չարենց, Օշական, Մանվելյան, Վաղարշյան, Սիրաս, Սիտալ, Սարմեն, Տարոնցի, Խերանյան, Հովհաննես և այլն) դիտարկվելու են հետազոտական նոր շրջանակում։ Զուգահեռներ են անցկացվելու հյուսիսարևելյան եվրոպական՝ էստոնական, լատվիական և կարելո-ֆիննական էպոսների միջև («Կալևիպոեգի», «Լաչպլեսիս», «Կալևալա»): Իհարկե, շեշտադրվելու է հիմնականում «Կալևիպոեգին», այդ իսկ պատճառով մեր կոլաբորանտը Տալլինի համալսարանի պրոֆեսորներից է։ Կուտակվելու են նոր գիտելիքներ՝ հիմնվելով գրականագիտական և հասարակագիտական արդիական մեթոդների հիման վրա (Չ. Ս. Պիրսի, Ֆ. դը Սոսյուրի, Յու. Լոտմանի, Ում. Էկոյի, Մ. Ֆուկոյի, Պ. Բուրդյեի, Ռ. Վոդակի, Յան Ասմանի, Ա. Ասմանի և այլոց), ինչը նոր հնարավորություն է տալու հայ գրականության մեջ տեղ գտած էպիկական նյութը յուրովի վերանայելու համար։ Խմբի աշխատանքն ունենալու է միջգիտակարգային բնույթ, ինչը հիմնված է լինելու միջխոսութայնության վրա։ Այն կնպաստի հայագիտության և էպոսագիտության միջազգայնացմանը։