Ընդհանուր տվյալներ
Լեզուների վտանգվածությունը թեև գլոբալ խնդիր է ամբողջ աշխարհում և դրա ինտենսիվությունը ուղիղ կապ ունի գլոբալիզացիայի արդի տեմպերի հետ, սակայն կան այդ խնդիրը պայմանավորող այնպիսի գործընթացներ և հանգամանքներ, որոնք կարող են պայմանականորեն անվանվել ներքին (domestic) մակարդակի փոփոխականներ։
Նախագծի նպատակն է ուսումնասիրության առարկա դարձնել Ադրբեջանի լեզվական քաղաքականության և այդ երկրում խոսվող լեզուների (այդ թվում՝ իրանական) վտանգվածության կապը։ Այս նախագծով Ադրբեջանի լեզվական քաղաքականությունը խնդրայնացվելու է՝ որպես այդ երկրում տասնամյակներ շարունակ տարվող ազգակերտման քաղաքականության համար կիրառական գործիքակազմի բաղադրիչ, որը ոչ միայն հավասար պայմաններ չի ստեղծում և ապահովում Ադրբեջանի տարածքում խոսվող լեզուների կիրառականության և դրանց պահպանման համար, այլև նպաստում է դրանց թուլացմանը, վտանգվածության խորացմանը և, ի վերջո, հավանական վերջնական կորստյանը։
Հետազոտական նախագիծը ենթադրում է խնդրի խորքային ուսումնասիրություն Ադրբեջանում խոսվող, սակայն արդեն վտանգված իրանական լեզուների՝ քրդերենի, թալիշերենի և թաթերենի օրինակով։ Հետազոտության առանցքում ոչ միայն Ադրբեջանի լեզվական քաղաքականության ուսումնասիրությունն է՝ որպես ազգակերտման գործիքակազմի կարևոր բաղադրիչ, այլև դրա հետևանքները կրող ժողովուրդների, մասնավորապես քրդերի, թալիշների և թաթերի հանրալեզվաբանական վարքագծի քննությունը: