Ընդհանուր տվյալներ
Սերոտոնինը՝ 5-հիդրօքսիտրիպտամինը, հայտնի է որպես ԿՆՀ-ում կարևոր միջնորդանյութերից մեկը, ինչպես նաև որպես արյան շիճուկում առկա անոթսեղմիչ և էնտերամին, որն արտադրվում է աղիքի լորձաթաղանթի էնտերոքրոֆինային բջիջների կողմից: Աղիքում արտադրվող սերոտոնինի մի մասը նպաստում է աղիքային պերիստալտիկայի ինքնակարգավորմանը: Սերոտոնինը մեր գլխուղեղում կարգավորում է արթնության մակարդակը, մեծ դեր ունի ճանաչողական պրոցեսների կայացման մեջ՝ զգայական ընկալում, հույզեր և այլն: Սրա քանակության շեղումների դեպքում ի հայտ են գալիս միաբևեռ ընկճախտ և սերոտոնինային սինդրոմ: Սերոտոնինը նաև ուղղակիորեն կապվում H3 հիստոնի հետ՝ թուլացնելով նրա կոնդենսացնող ազդեցությունը: Դա թույլ է տալիս այս հատվածում ԴՆԹ-ի ապափաթեթավորումը ու դրա էքսպրեսիան: Բացի այդ՝ այն փոխազդում է ԴՆԹ-ի մոլեկուլի հետ՝ հանդես գալով որպես ինտերկալյատոր: Ներկայացված նախագծում նախատեսվում է ուսումնասիրել սերոտոնինի in vitro փոխազդեցությունը H3 հիստոնի և տարբեր GC-պարունակությամբ ԴՆԹ-ների հետ՝ փոխազդեցության մեխանիզմների մասին ամբողջական ինֆորմացիա ստանալու նպատակով: Որպես տարբեր GC-պարունակությամբ ԴՆԹ-ներ ընտրված են «Clostridium perfringens»-ի ԴՆԹ-ն` 32% GC-պարունակությամբ, «Micrococcus lysodeikticus»-ի ԴՆԹ-ն՝ 72% GC-պարունակությամբ և հորթի ուրցագեղձի ԴՆԹ-ն՝ 42% GC-պարունակությամբ: Որպես հիստոնային սպիտակուց ընտրված է H3 հիստոնային սպիտակուցը:
Օտարերկրյա գործընկեր
Կիրակոսյան Արա Բենիկի, ԱՄՆ-ի Հյուսիսային Միչիգանի համալսարան