Երևանի պետական համալսարանը հիմնադրման առաջին իսկ տարիներից, բնագիտական և հասարակական գիտությունների հետ մեկտեղ, մեծ թափ է հաղորդել նաև հայագիտական ուսումնասիրություններին:
Համալսարանում հայագիտության զարգացմանը նպաստելու համար 1968 թ. առաջադրվել է գիտահետազոտական առանձին լաբորատորիա ստեղծելու գաղափար: Այն ի կատար է ածվել ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամներ Մկրտիչ Ներսիսյանի և Էդուարդ Աղայանի գործադրած ջանքերի շնորհիվ։
Նորաստեղծ լաբորատորիան համակարգելու էր ոչ միայն կազմակերպական, այլև գիտահետազոտական աշխատանքները հումանիտար այն ֆակուլտետներում, որտեղ մշակվում էին հայագիտական թեմաներ: Հետագայում լաբորատորիան վերանվանվեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոն, որի գործունեության ընթացքում իրականացվել են մի շարք ծանրակշիռ հետազոտություններ:
Հրատարակվել և վերահրատարակվել են հայագիտության տեսանկյունից մեծ արժեք ունեցող բազմաթիվ աշխատություններ: Հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմքի վրա 2008 թ. հուլիսի 10-ին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ստեղծվել է Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, որտեղ ներառվել են ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնը, Հնագիտական հետազոտությունների, Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիաները, Հայ-վրացական կապերի կենտրոնը և Հայ-օսմանական առնչությունների բաժինը:
2023 թ. սկսած՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական և փորձագիտական հետազոտությունների շրջանակն էականորեն ընդլայնվել է, հարստացվել ու արդիականացվել է կիրառվող հետազոտական մեթոդների ու հմտությունների գործիքակազմը: Դասական հայագիտական հետազոտությունների հետ մեկտեղ՝ ՀՀԻ-ն ստանձնել է նաև հայագիտական հետազոտություններ կատարող ուղեղային կենտրոնի, հայաստանագիտական հետազոտական ինստիտուտի առաքելությունը:
ՀՀԻ-ում այժմ կատարվում են ռետրոգնոստիկ, դիագնոստիկ և պրոգնոստիկ հետազոտություններ:
Ինստիտուտում կատարվող հետազոտությունների հիմնական առանցքում են հետևյալ ուղղությունները.
- ՀՀ ազգային անվտանգային հետազոտությունների հիմնախնդիրներ,
- ՀՀ արտաքին քաղաքականության և դիվանագիտության հիմնախնդիրներ,
- Հայաստանին հարակից և մերձավոր արտերկրի պետությունների հետ հարաբերությունների ռազմավարական հետազոտություններ,
- հայ-ռուսական հարաբերություններ,
- ՀՀ-ՉԺՀ, ՀՀ-Հնդկաստան հարաբերություններ,
- ՀՀ-արաբական պետություններ, ՀՀ-Իսրայել հարաբերություններ,
- հայ-քրդական առնչություններ,
- հայ-օսմանական առնչություններ,
- սփյուռքագիտություն,
- քաղաքակրթական և մշակութային հետազոտություններ,
- ցեղասպանագիտություն,
- պատմական աշխարհագրություն և քարտեզագրություն,
- քարոզչական դիսկուրսի և լեզվամշակույթի հիմնահարցերի հետազոտություն,
- ռազմավարական խաղեր և սցենարային մոդելավորում,
- կիբերանվտանգություն ու տվյալների վերլուծություն:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կազմում գործում են հետևյալ ստորաբաժանումները.
Լաբորատորիան հանրապետության պատմական աշխարհագրության և քարտեզագրության հիմնախնդիրներով զբաղվող միակ օջախն է: Լաբորատորիայի աշխատակիցների կատարած հետազոտական և քարտեզագրական աշխատանքները՝ գրքերը, հոդվածները, ատլասներն ու քարտեզները, մեր հանրապետության համար ունեն ոչ միայն գիտական, այլև քաղաքական կարևոր նշանակություն: Տեսական և գործնական ուղղվածության հետազոտությունները համադրելու նպատակով 2023 թ․ Բ. Հարությունյանի անվան Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիան միավորվել է Հայոց պետականության պատմության հիմնահարցերի հետազոտական բաժնին։
Լաբորատորիայի հետազոտություններում կարևորվում է տարբեր գիտությունների համակցումը: Այդ աշխատանքների հիմքում միջգիտակարգայնությունն է, որը պատմության, միջազգային հարաբերությունների, աշխարհագրության, քարտեզագրության և ինֆորմատիկայի միջառարկայական բարդ սինթեզ է:
Լաբորատորիայում աշխատանքներ են տարվում նաև արդիական խնդիրների ուսումնասիրության, մասնավորապես ազգային տնտեսական քաղաքականության և տարածքային անհամաչափ զարգացման հիմնախնդիրների ուղղությամբ։ Կատարվող հետազոտությունների շարքին են դասվում նաև հայ դիվանագիտության պատմության և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրությանն ուղղված աշխատանքները:
ԵՊՀ ՀՀԻ հարակից երկրների և մերձավոր արտերկրյա պետությունների ռազմավարական հետազոտությունների բաժնի գործունեությունը նպատակաուղղված է ներքոհիշյալ խնդիրների լուծմանը․
- հետազոտել Հայաստանին հարակից տարածաշրջաններում ձևավորված անվտանգային, ռազմաքաղաքական, հասարակական, կրոնամշակութային և տնտեսական միջավայրը,
- գնահատել և կանխատեսել ՀՀ ու ԼՂ նկատմամբ արտաքին մարտահրավերներն ու սպառնալիքները,
- նախանշել և հիմնավորել ՀՀ համար նախընտրելի արտաքին քաղաքական ուղենիշները հարակից և մերձավոր արտերկրյա պետությունների հետ Հայաստանի երկկողմ և բազմակողմ համագործակցության համատեքստում։
Հայաստանին հարակից և մերձավոր արտերկրի պետությունների ռազմավարական հետազոտությունների բաժինը նպատակ ունի թիրախային հետազոտելու մինչ այժմ չհետազոտված խնդիրները, վերհանելու գիտակիրառական նշանակության հարցադրումները, համադրելու տարաբնույթ մոտեցումները, որի արդյունքում ստեղծված գիտահետազոտական արտադրանքը նախատեսված կլինի մասնագիտական, փորձագիտական հանրույթների, պետական և պատկան մարմինների կողմից սպառման համար:
Բաժնի հետազոտական աշխատանքներն ընթանում են հետևյալ ուղղություններով․
Հայ-ռուսական հարաբերությունների պատմաքաղաքական հիմքերի և նախադրյալների վերլուծություն։ Հետազոտական այս ուղղությունը հնարավորություն է տալիս բացահայտելու հայ ժողովրդի և ռուսական պետության միջև հարաբերությունների հաստատման ակունքները, ինչպես նաև վերլուծելու պատմական պայմանները, որոնք խորապես նպաստել են հայ ժողովրդի ականավոր ներկայացուցիչների մոտեցումներում արտաքին քաղաքական նախապատվությունների և առաջնահերթությունների ձևավորմանը։ Ուսումնասիրությունների կարևորագույն բաղկացուցիչներից է Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության փոխակերպումների հիմնախնդիրը և համեմատականների անցկացումը ժամանակակից մարտահրավերների համատեքստում:
Հայ-ռուսական ժամանակակից ռազմաքաղաքական հարաբերությունների արդյունավետության բարձրացման ուղիները։ Այս ուղղությամբ որպես հետազոտության առարկա հանդես է գալիս երկու երկրների ազգային անվտանգության հայեցակարգերի ռազմաքաղաքական բաղադրիչների վերլուծությունը: Առանձնահատուկ ուշադրության են արժանանում ՀՀ զինված ուժերի վերազինման, ժամանակակից զինատեսակների մատակարարման և ՀՀ-ում ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները:
Հայ-ռուսական ժամանակակից առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Այս ուղղությամբ կատարվող հետազոտությունները միտված են բացահայտելու ռուսաստանյան կապիտալի դերն ու նշանակությունը հայոց պետականության կայացման գործընթացում: Վերլուծվում են ժամանակակից առևտրատնտեսական կապերի զարգացման միտումները ԵԱՏՄ շրջանակում, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի պատճառով արևմտյան պետությունների կողմից ՌԴ դեմ կիրառվող սահմանափակումների պայմաններում երկու երկրների միջև սոցիալ-տնտեսական հարաբերությունների փոխակերպումների վերաբերյալ հիմնահարցերը:
Հարավային Կովկասում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացներում ՌԴ մասնակցության աստիճանի բնորոշումը։ Հիմնահարցերի այս խումբն ընդգրկում է տարածաշրջանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ աշխարհի այլ ուժային կենտրոնների շահերի բացահայտմանն ուղղված հետազոտությունները: Մատնանշվում են Հայաստանի և Ռուսաստանի՝ պատմականորեն ձևավորված շահերի ընդհանրությունները հարավկովկասյան բարդ տարածաշրջանում, ինչպես նաև գնահատվում է ՀՀ դերը ողջ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի քաղաքական ներկայության ապահովման գործում:
ՌԴ ժամանակակից քաղաքական համակարգում տեղի ունեցող գործընթացների վերլուծություն։ Այս ուղղությամբ կատարվող հետազոտությունները նպատակ ունեն գնահատելու քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների դերակատարությունը ՌԴ հասարակական կյանքում: Մեծ տեղ է հատկացվում հասարակական հարաբերությունների ներկայիս մակարդակի, ինչպես նաև սոցիալական կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրություններին:
Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ օպերացիայի ընթացքի և հնարավոր հետևանքների վերլուծություն։ Ուսումնասիրությունների համեմատաբար այս նոր ուղղությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված հակամարտությունը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ ինչպես հետխորհրդային տարածքի, այնպես էլ ողջ աշխարհի համար: Հետազոտությունների այս խմբի նպատակներից են․
- պարզաբանել դարեր շարունակ բարեկամներ հանդիսացող երկու ժողովուրդների միջև ընթացող հակամարտության բուն պատճառները,
- վերլուծել ռազմական բախումների ողջ ընթացքը՝ մատնանշելով հնարավոր զարգացումները,
- բացահայտել ուկրաինական ճգնաժամի կապը վերջին տասնամյակների ընթացքում ձևավորված աշխարհակարգը վերափոխելու ձգտումների հետ:
ՀՀ ազգային անվտանգային հետազոտությունների ու կանխատեսումների խումբն ունի մի շարք գործառույթներ՝ կապված երկրի անվտանգային իրավիճակի վերլուծության և կանխատեսման հետ, որոնք մասնավորապես ներառում են․
- Տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն։ Խումբը հավաքագրում և վերլուծում է տեղեկություններ ՀՀ անվտանգային միջավայրի վրա ազդեցություն ունեցող սպառնալիքների մասին, որը կարող է ներառել տեղեկությունների հավաքագրում տարբեր աղբյուրներից, ինչպիսիք են՝ միջազգային զեկույցները, վերլուծական հաշվետվությունները, բաց աղբյուրները, սոցիալական լրատվամիջոցները և այլն: ՀՀ առջև ծառացած հիմնական սպառնալիքներն ու մարտահրավերներն են՝ Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը, հարևան երկրներից բխող անվտանգային ռիսկերը, հասարակության կողմից ապատեղեկատվության ընկալումն ու մեդիագրագիտությունը, միջազգային ասպարեզում ՀՀ իմիջի խաթարման ուղղությամբ իրականացվող արշավը, ահաբեկչական հարձակումների վտանգը, կիբերհարձակումները, տնտեսական անվտանգությունը, դեմոգրաֆիական մարտահրավերները, էներգետիկ, ջրային անվտանգությունը, սահմանների անխոցելիությունը, կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը և այլն։
- Սպառնալիքների և ռիսկերի վերլուծություն։ Խումբը կատարում է ստացված տեղեկությունների վերլուծություն՝ որոշելու Հայաստանի ազգային անվտանգության համար ամենակարևոր սպառնալիքներն ու ռիսկերը։ Վերլուծությունը կարող է օգտակար լինել առաջանալիք ռիսկերն ու սպառնալիքները մեղմացնելու տեսանկյունից։
- Առկա սպառնալիքների գնահատում։ Խումբն իրականացնում է ազգային անվտանգության ներկայիս սպառնալիքների գնահատում՝ կրիտիկական խոցելիությունները բացահայտելու նպատակով, որը կարող է ներառել այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների, ահաբեկչական խմբավորումների և այլ դերակատարների կողմից սպառնալիքների վերլուծություն։
- Կանխատեսումներ։ Խումբը զբաղվում է տարբեր իրադարձությունների և միտումների կանխատեսմամբ, որոնք կարող են ազդել Հայաստանի անվտանգային միջավայրի վրա, և դրանց հիման վրա մշակում ռազմավարությունների և գործողությունների ծրագրեր, որոնք միտված են հնարավոր սպառնալիքների կանխարգելմանը:
- Իրադարձությունների մշտադիտարկում։ Խումբն իրականացնելու է տարբեր իրադարձությունների և դեպքերի մշտադիտարկում, որոնք կարող են ազդել երկրի անվտանգային միջավայրի վրա, այդ թվում՝ ներքին իրադարձություններ, այլ պետություններում քաղաքական փոփոխություններ, տնտեսական վայրիվերումներ և այլն։
- Հավանական սցենարների ձևավորում և վաղ նախազգուշացման համակարգի մշակում։ Խումբը կարող է մշակել տարբեր սցենարներ ապագայում առաջանալիք հնարավոր ռիսկերն ու սպառնալիքները որոշելու նպատակով և դրանց մասին նախապես տեղեկացնել իրավասու մարմիններին։
- Ռազմական սպառնալիքների վերլուծություն։ Խումբը կարող է վերլուծել Հայաստանի ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող ռազմական ռիսկերը։ Վերլուծությունը կարող է ներառել նաև հարևան պետությունների ռազմական հզորության, միջազգային հակամարտությունների և այլ պետությունների կողմից ռազմական ագրեսիայի հավանականության գնահատումը:
- Առաջարկների ներկայացում։ Խումբը պետական իրավասու մարմիններին ներկայացնելու է առաջարկներ, ինչը կնպաստի ՀՀ ներքին և արտաքին անվտանգային իրավիճակի բարելավմանը և երկարաժամկետ կտրվածքով կանխատեսելիության ապահովմանը։
- Համագործակցություն և համակարգում։ Խումբը համագործակցություն է հաստատելու պետական այլ մարմինների և գերատեսչությունների հետ՝ ապահովելու ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ տեղեկատվության համակարգումը և փոխանակումը: Նախատեսվում է նաև համագործակցել այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ՝ փորձի և տեղեկատվության փոխանակման նպատակով:
- Զեկույցների և աշխատանքային տետրերի պատրաստում։ Խումբը պատրաստելու է տարբեր զեկույցներ, ծառայողական նշանակության աշխատանքային տետրեր, որոնք պարունակելու են Հայաստանի ազգային անվտանգությանը վերաբերող վերլուծություններ և կանխատեսումներ: Այս զեկույցները կարող են օգտագործվել պետական իրավասու մարմինների կողմից՝ երկրի անվտանգության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար:
Կիրառական նշանակության վերոհիշյալ աշխատանքները կատարվում են ֆունդամենտալ գիտահետազոտական աշխատանքների հետ համատեղ: Հիշյալ համատեքստում հրատարակվում են գիտահետազոտական աշխատանքներ (մենագրություններ, գիտական հոդվածներ):
ԵՊՀ ՀՀԻ ՀՀ-ՉԺՀ, ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների բաժնի գործունեությունը նպատակաուղղված է ներքոհիշյալ խնդիրների լուծմանը․
- հետազոտել ՀՀ-ՉԺՀ և ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների համատեքստում ձևավորված ռազմաքաղաքական, հասարակական, կրոնամշակութային և տնտեսական միջավայրը,
- գնահատել և կանխատեսել ՀՀ և ԼՂ նկատմամբ արտաքին մարտահրավերներն ու սպառնալիքները,
- նախանշել և հիմնավորել ՀՀ համար նախընտրելի արտաքին քաղաքական ուղենիշները՝ ՉԺՀ և Հնդկաստանի հետ Հայաստանի երկկողմ և բազմակողմ համագործակցության համատեքստում։
ՀՀ-ՉԺՀ, ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների բաժինը նպատակ ունի վերհանելու և թիրախային հետազոտելու մինչ այժմ չհետազոտված խնդիրները և տարաբնույթ մոտեցումների համադրումը, որի արդյունքում ստեղծված գիտահետազոտական արտադրանքը նախատեսված կլինի մասնագիտական, փորձագիտական հանրույթների, պետական և պատկան մարմինների կողմից սպառման համար:
Բաժինը հրատարակում է ՀՀ-ՉԺՀ, ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների ակտուալ հիմնախնդիրները դիտարկող գիտական (մենագրություններ, գիտական հոդվածներ) և փորձագիտական հետազոտություններ, որոնք ունեն տեսական և գործնական նշանակություն:
«Հակահայկական քարոզչական դիսկուրսի հետազոտությունների լաբորատորիա» բազային ծրագիրը (գիտական ղեկավար՝ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ս. Ք. Գասպարյան) սկզբնավորվել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի հիմքի վրա ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: 2021 թվականից այն տեղափոխվել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ էլ շարունակում է իր գործունեությունը:
Ծրագրի արդիականությունը պայմանավորված է կարևոր հարցադրումներով, որոնց պարզաբանումը, հատկապես ժամանակակից լեզվաբանական, իրավական և պատմամշակութային մտքի զարգացման միտումների և աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից խիստ արդիական է: Այն նպատակ ունի լեզվի կիրառության յուրահատկությունների համակողմանի ուսումնասիրության ճանապարհով քննության առնելու ակտիվ շրջանառության մեջ դրված, հակահայկական քարոզչական առաքելություն իրականացնող օտարալեզու նյութերը (մասնավորապես անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն՝ տպագիր և համացանցային), վերհանելու դրանցում պարբերաբար օգտագործվող լեզվական այն կաղապարները, որոնց օգնությամբ հեղինակներին «հաջողվում է» աղավաղել փաստերն ու իրողությունները, ձևավորել հակահայկական տրամադրություններ ու գնահատականներ, որոնց նկատմամբ լոյալ դիրքորոշումը կարող է լուրջ մարտահրավերներ ու վտանգներ ստեղծել Հայոց պետության ու պետականության համար, խաթարել հայ ժողովրդի կերպարի միջազգային ընկալումն ու արժևորումը: Լեզվաբանական, հանրալեզվաբանական ու լեզվամշակութաբանական տարաբնույթ մոտեցումների ու մեթոդաբանության կիրառմամբ՝ այս ծրագրի շրջանակում քննության են առնվում հակահայկական քարոզչական դիսկուրսի համատեքստն ու հարատեքստը, հաշվի են առնվում թե՛ լեզվական և թե՛ արտալեզվական գործոնները, որոնք նպաստում են տեքստ ներմուծելու այս կամ այն ներակա արժևորումը և իրագործելու հակահայկական հաղորդակցական նպատակներ: Բազային այս ծրագրի շրջանակում ուսումնասիրությունը բացահայտել է լեզվի անփոխարինելի և արդյունավետ դերը հակահայկականություն քարոզող հեղինակների միտումների վերհանման և Հայաստանի ու հայ ժողովրդի կերպարի ճշմարիտ ու անկողմնակալ ընկալում ապահովելու հարցում:
Բազային այս լաբորատորիայի կողմից հրատարակվել են մենագրություններ ու գիտական բազմաթիվ հոդվածներ, և ուսումնասիրվող խնդիրներն ու ձեռք բերված արդյունքները ներկայացվել են միջազգային գիտաժողովներում, գիտական սեմինար-քննարկումների հեղինակավոր հարթակներում:
Ժամանակակից աշխարհում Հայաստանի և այլ պետությունների, միջազգային տարբեր կառույցների միջև արդյունավետ փոխհարաբերությունների մշակման, կառուցման, կանխատեսման և իրականացման համար նպատակահարմար է կիրառել զարգացած երկրներում լայնորեն կիրառվող գիտական այնպիսի ուղղությունների տեսական և պրակտիկ ձեռքբերումները, որոնք հնարավորություն են տալիս որոշում ընդունողներին կայացնելու օպտիմալ կառավարչական որոշումներ (դիվանագիտական, ռազմական, տնտեսական և այլ ոլորտներում): Ավանդական մեթոդները բավարար չեն ճշգրիտ լուծումներ ստանալու և հնարավոր բոլոր սցենարների վերլուծության, կանխատեսման ու իրականացման մեխանիզմների մշակման առումներով: Այդ պատճառով մեծ տերություններում խաղերի տեսության, ցանցային պլանավորման ու կառավարման և մոդելավորման այլ ուղղությունների պրակտիկ կիրառությունը քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում դարձել են անհրաժեշտություն և արդյունավետ գործիք:
Ռազմավարական խաղերի, սցենարային վերլուծությունների և մոդելավորման խմբի գործունեության նպատակն է ուսումնասիրել և կանխատեսել Հայաստանի և աշխարհի երկրների, միջազգային կառույցների միջև փոխհարաբերությունները, առնչությունները, մշակել ցանկալի սցենարների իրականացման մեխանիզմներ՝ խաղերի տեսության, ցանցային պլանավորման և կառավարման, մոդելավորման, գիտական այլ մեթոդների կիրառությամբ: Խմբի գործունեության առանձնահատուկ մոտեցումը և սկզբունքը գիտական մեթոդներով ստացված արդյունքների հանրամատչելի ներկայացումն է որոշում կայացնողներին:
Կարևորվում է տեսական և գործնական նշանակություն ունեցող գիտական (մենագրություններ, գիտական հոդվածներ) և փորձագիտական հետազոտությունների համադրումը:
Սփյուռքագիտական հետազոտությունները հայագիտական հետազոտությունների անքակտելի մասն են:
Հայ ժողովրդի խոշոր զանգվածները, դեռևս միջին դարերում հեռանալով հայրենիքից, հաստատվել են հարևան և հեռավոր երկրներում՝ հիմք դնելով հայկական գաղթավայրերին, որոնք գոյատևել են նաև հետագա դարերում՝ անընդհատ համալրվելով Հայաստանից հեռացող հայության խմբերով:
Հայոց ցեղասպանության տարիներին հարյուրհազարավոր հայեր ստիպված հեռացան հայրենիքից՝ մի կողմից՝ թարմացնելով հին գաղթավայրերը, իսկ մյուս կողմից՝ ստեղծելով բազմաթիվ նորերը: Այդ ժամանակ հայրենիքից դուրս բնակվող հայության թիվը գրեթե եռապատկվեց, և ավելի քան կրկնակի ընդարձակվեց հայկական գաղթավայրերի աշխարհագրությունը: Դրան հավելվեց նաև այն, որ Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականությունը զրկվեց հայրենիք վերադառնալու հնարավորությունից: Հենց այդ իրողություններն են պատճառը, որ Հայկական սփյուռքը համարվում է ցեղասպանության հետևանք. դրանից հետո օտար երկրներում ապաստանած հայությունը սկսեց իրեն ընկալել հայրենազրկված մեկ ամբողջության՝ Սփյուռքի մաս:
Ի հետևանս ասվածի՝ այժմ հայ ժողովրդի մեծ մասը բնակվում է հայրենի երկու պետություններից դուրս: Ուստի հայագիտության համար մեծ կարևորություն ունի Սփյուռքի ուսումնասիրությունը, որով ամբողջանում է հայ ժողովրդի միջնադարյան, նոր ու նորագույն շրջանների պատմության հետազոտությունը:
Մյուս կողմից՝ բաժնի աշխատանքներն առնչվում են սփյուռքագիտության տեսական հատվածին՝ նպատակ ունենալով հստակեցնելու սփյուռքագիտական հետազոտությունների մեթոդաբանական, դրույթային և հասկացութենական դաշտերը:
Սփյուռքագիտական հետազոտությունների բաժնի նպատակներն են.
- հստակեցնել սփյուռքագիտական հետազոտությունների հիմնական մեթոդները, սկզբունքները, դրույթներն ու գործածվող հասկացությունները,
- իրականացնել պատմածագումնաբանական և պատմատիպաբանական համեմատական ուսումնասիրություններ՝ Հայկական սփյուռքը համադրելով այլ սփյուռքների հետ (հրեական, հունական և այլն),
- ուսումնասիրել գաղթաշխարհի և Սփյուռքի պատմության հիմնական շրջափուլերն ու զարգացումները,
- ուսումնասիրել առանձին գաղթավայրերի պատմությունը մինչև Հայոց ցեղասպանություն,
- հետազոտել արտերկրի հայկական ժառանգության ձևավորման պատմությունն ու այդ ժառանգության ներկա վիճակը,
- քննարկել Հայոց ցեղասպանությունից հետո Սփյուռքի ձևավորման խնդիրները,
- ուսումնասիրել արդի հայկական համայնքները,
- քննության առնել սփյուռքյան կազմակերպությունների ներկա վիճակը,
- ուսումնասիրել սփյուռքյան հիմնական զարգացումները արդի փուլում,
- ուսումնասիրել Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները, դրանց զարգացումները և համագործակցության հիմնական ոլորտները,
- կատարել ռազմավարական և իրավիճակային վերլուծություններ Սփյուռքում տեղի ունեցող գործընթացների, Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացումների վերաբերյալ:
Բաժնի հիմնական նպատակն է կատարել գիտահետազոտական, կրթական և իրազեկման աշխատանքներ, որոնք նպաստում են ցեղասպանության և զանգվածային վայրագությունների մասին գիտելիքի ստեղծմանն ու տարածմանը: Ցեղասպանագիտությունը պատմության, քաղաքագիտության, իրավունքի, սոցիոլոգիայի, հոգեբանության, մարդաբանության գիտությունների խաչման տիրույթում գտնվող գիտաճյուղ է, և բաժնի գիտաշխատողները հետազոտություններ են կատարում ցեղասպանության երևույթի, դրա պատճառների, հետևանքների և կանխարգելման վերաբերյալ՝ կիրառելով բազմամասնագիտական մոտեցումներ։ Դա հնարավորություն է տալիս ավելի համապարփակ հասկանալու ցեղասպանության էությունը և նրա հետ փոխկապակցված երևույթները:
Բաժինն իրականացնում է նաև «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը, որը պատրաստում է նոր հետազոտողներ ոլորտը համալրելու համար։ Կազմակերպվում են նաև մասնագիտական վերապատրաստումներ, գիտաժողովներ և քննարկումներ։ Ցեղասպանագիտության բաժինը զբաղվում է նաև իրազեկման աշխատանքներով: Այս գործողությունները կարող են ներառել հանրային նախաձեռնություններ, որոնք ուղղված են խթանելու ցեղասպանության և դրա ազդեցության մասին տեղեկացվածությունը, ցեղասպանությունը կանխող քայլերի նախաձեռնումը և աջակցությունը։ Դա իրականացվում է հայաստանյան և միջազգային հաստատությունների և կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների բաժինը կատարում է ֆունդամենտալ հետազոտություններ մշակութաբանության, քաղաքագիտության, աշխարհաքաղաքականության և այլ ոլորտներում:
Բաժինը կատարում է նաև քաղաքակրթական գործընթացների փորձագիտական վերլուծություն և զբաղվում քաղաքական ընթացիկ իրադարձության վերլուծությամբ: Հետազոտությունների հայեցակարգային հիմքը կազմում են բաժնի մշակած «Երեք ծովերի համակարգ» և «Ցանցապետություն» տեսությունները, որոնք հնարավորություն են տալիս խորքային պատկերացում կազմելու տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներում իրադարձային զարգացումների մասին:
Հետազոտությունները կատարում է քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների բաժնի աշխատակազմը ԵՊՀ համապատասխան բաժինների գիտական ներուժի ներգրավմամբ:
2023 թ․ ԵՊՀ ՀՀԻ վիրտուալ հայագիտության ու տեղեկատվության բաժնի հիմքի վրա ստեղծվել է Կիբերանվտանգության ու տեղեկատվության վերլուծության բաժինը:
Բաժնի կարևորագույն գործառույթներից են․
- կատարել ՀՀ կիբերանվտանգության և կիբերկայացվածության մակարդակի համապարփակ վերլուծություն,
- գնահատել կիբերզարգացումների և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների ազդեցությունը ՀՀ ազգային անվտանգության քաղաքականության վրա,
- մշակել մեթոդաբանություններ թվային գործիքարանի և տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ մոդելային, իրադարձային, կանխատեսումային և սցենարային վերլուծությունների կատարման համար։
Հիշյալ հետազոտությունները կատարվում են Հայաստանի և տարածաշրջանի պետությունների դիտարկման շրջանակում:
Օրեցօր զարգացող համացանցային ոլորտի պահանջներին համապատասխան՝ բաժնի առաջնահերթություններից է հավաքագրել, ամբողջացնել և վերլուծել 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո միջազգային հեղինակավոր մի շարք զանգվածային լրատվամիջոցների և միջազգային կառույցների հրապարակած նյութերը, կատարել պատերազմի և հետպատերազմյան իրավիճակի լուսաբանման աշխատանքներ:
Բաժնի գործառույթներից է նաև ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տարբեր ստորաբաժանումների կողմից տպագրվող աշխատությունների՝ գրքերի, հոդվածների, աշխատանքային տետրերի, զեկույցների, վերլուծությունների, ինչպես նաև քարտեզների ու ատլասների հասանելիության ապահովումը, ԵՊՀ ՀՀԻ-ի և մասնագիտական այլ հարթակներում կազմակերպված գիտական միջոցառումների և կոնֆերանսների, շնորհանդեսների լուսաբանումը։
Շուրջ 600 տարի Օսմանյան կայսրության տիրապետության ներքո՝ հայ ժողովուրդը ենթարկվել է ազգային խտրականության իր գործունեության բոլոր ոլորտներում, ընդհուպ՝ ֆիզիկական ոչնչացման։ Օսմանյան կայսրության պատմությունը մաս է կազմում հայ ժողովրդի պատմության։ Ըստ այդմ, Հայ-օսմանական առնչությունների բաժնի օսմանագիտական և թուրքագիտական հետազոտություններն ընդգրկում են XIV-XX դդ. ընկած ժամանակահատվածը և Թուրքիայի Հանրապետությունում հայ ժողովրդի պատմության մերօրյա ձևախեղումների կեղծարարության և ժխտողականության բացահայտումները։
Բաժնի ուսումնասիրության առանցքում են Օսմանյան կայսրության հայերի քաղաքական, մշակութային, տնտեսական պատմության, ժողովրդագրության, ինքնության, տեղանվանագիտության, լեզվական առնչություններին վերաբերող հարցերը։ Բաժնի կարևոր ուղղություններից է Հայոց ցեղասպանությանը վերաբերող վավերագրերի քննությունը։ Մասնավորապես՝ բաժինը հետազոտություններ է կատարում հետևյալ հարցերի շուրջ.
- Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և հայաբնակ այլ նահանգների պատմական ժողովրդագրության ուսումնասիրությունը՝ օսմանյան աշխարհագիր մատյանների ( ﺘﺤﺮﻴﺮ tahrir ), տարեգրքերի (ﺴﺍﻟﻨﺍﻤﮫ salname) հայկական և օտար աղբյուրների համադրությամբ,
- հայկական նահանգները օսմանյան վարչական բաժանումներում,
- Օսմանյան կայսրության հարկային քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և հայաբնակ մյուս նահանգներում,
- Օսմանյան կայսրությունում ոչ թուրք ժողովուրդների բռնի իսլամացման քաղաքականության փուլերը, մեթոդները, հետևանքները,
- օսմանյան բանակը. կառուցվածքային առանձնահատկությունները և զարգացման ուղենիշը,
- Օսմանյան կայսրության հողային բռնագրավումների քաղաքականությունը,
- թյուրքականության գաղափարաբանությունը և նրա ժամանակակից դրսևորումները Թուրքիայի Հանրապետությունում և թյուրքալեզու պետություններում,
- Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում պահվող հայատառ-ղփչաղերեն ձեռագրերի լեզվական քննություն,
- համշենահայերի իսլամացման քաղաքականությունը. նրանց տարածման ավազանը. ինքնությունը, լեզվական վիճակը,
- Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություն:
ԵՊՀ ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի աշխատանքի նպատակն է կատարել քրդերին առնչվող քաղաքական տարածաշրջանային արդի գործընթացների համակողմանի հետազոտություն, որը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ խորքային պատկերացում կազմելու և ՀՀ ու Արցախի անվտանգությանն ուղղված արտաքին մարտահրավերները և վերջիններիս քաղաքական-տնտեսական զարգացման հեռանկարները գնահատելու հնարավորություն է տալիս: Այդ առումով բաժինն իր առաջ խնդիր է դնում հայ-քրդական առնչությունների անցյալի գիտական վերաիմաստավորումը, ներկա գործընթացների մշտադիտարկումը, ինչպես նաև փորձագիտական կանխատեսումների նախապատրաստումը ՀՀ անվտանգային շահերի տեսանկյունից: Հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանը և հայությունը առնչվում են տարածաշրջանային և համաշխարհային անընդհատ փոփոխվող գործընթացներն՝ օրակարգային է դառնում Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղ գտնող զարգացումների, տարածաշրջանային տերությունների և պետությունների քաղաքականության համատեքստում հայերին և քրդերին առնչվող գործընթացների ուսումնասիրությունները:
Հայ-քրդական առնչությունների բաժնի աշխատակիցները կատարում են Քուրդիստանի (Թուրքիայի հանրապետության, Իրաքի, Սիրիայի արաբական հանրապետության և Իրանի իսլամական հանրապետության քրդաբնակ տարածքների), ինչպես նաև Հարավային Կովկասի պետությունների քրդական համայնքների դաշտային հետազոտություններ: Բաժինն իրականացնում է «Քրդագիտության հիմնահարցեր» և «Տարածաշրջանային զարգացումների դինամիկան՝ ՀՀ անվտանգային շահերի տեսանկյունից» ժողովածուների հրատարակումը:
Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում ԵՊՀ ՀՀԻ շրջանակում առաջին անգամ ձևավորվել է գիտական (փորձագիտական) խումբ, որը զբաղվում է իսրայելական հետազոտություններով՝ ընդհանրապես և ՀՀ-Իսրայել հարաբերություններով՝ մասնավորապես:
ՀՀ-արաբական պետություններ, ՀՀ-Իսրայել հարաբերությունների հետազոտական խումբը զբաղվում է արաբական երկրների և Իսրայելի հետ ՀՀ արդի հարաբերությունների համակողմանի ուսումնասիրությամբ: Մերձավոր և Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, փոփոխություններն ու փոխակերպումներն իրենց անմիջական ազդեցությունն են ունենում Հայաստանի, Արցախի և «Հարավային Կովկաս» տարածաշրջանի անվտանգային միջավայրի վրա՝ առաջ բերելով բազմաթիվ սպառնալիքներ, վտանգներ, ռիսկեր ու մարտահրավերներ:
Վերջին 3 տասնամյակների ընթացքում Մերձավոր և Միջին Արևելքը ենթարկվել է զգալի փոխակերպումների ուժային բաշխվածության առումով, նկատելիորեն սրվել են տարածաշրջանի ազդեցիկ ակտորների միջև հարաբերությունները, գերիշխում են ուժային միջամտության միտումները:
Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տեղ գտնող ընթացիկ զարգացումներն ու նոր իրողությունները, ինչպես նաև Հայաստանի առջև առկա նոր սպառնալիքները, վտանգները, ռիսկերն ու մարտահրավերները, անհրաժեշտ է նորովի՝ փորձագիտական խորությամբ և համակողմանիորեն դիտարկել արաբական պետությունների և Իսրայելի ներքին ու արտաքին քաղաքականության առանձնահատկությունները, արտաքին հարաբերությունների վրա ազդող փոփոխականները, ինչպես նաև համակարգային այլ գործոնները՝ ՀՀ-արաբական պետություններ, ՀՀ-Իսրայել հարաբերությունների համատեքստում:
ՀՀ-արաբական պետություններ, ՀՀ-Իսրայել հարաբերությունների հետազոտական խումբը կոչված է հետազոտելու նշված հիմնախնդիրները տարածաշրջանի պետությունների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների համատեքստում՝ նպատակ ունենալով հրապարակելու որակյալ գիտական մշակումներ և գործնական ուղղվածություն ունեցող փորձագիտական զեկույցներ, աշխատանքային տետրեր, որոնք հասցեագրված կլինեն ակադեմիական հանրությանը, քաղաքական շրջանակներին, պետական գերատեսչություններին, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակներին: