Հայագետ-լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1887 թ. հունվարի 1-ին Աշտարակում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա մեկնել է Սանկտ Պետերբուրգ, ընդունվել գիմնազիա, որն ավարտելուց հետո սովորել է տեղի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայ-վրացական բանասիրության բաժնում:
1913 թ. Գ. Ղափանցյանը, ավարտելով համալսարանը, վերադարձել է Հայաստան ու նվիրվել հայագիտությանը: Մինչև 1918 թ. հայագիտական առարկաներ է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, իսկ ճեմարանի փակվելուց հետո տեղափոխվել է Երևան:
1918 թ. մայիսին նա մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին:
1921 թ. Գ. Ղափանցյանը հրավիրվել է ԵՊՀ, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը` երկար տարիներ վարելով ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը: Համալսարանում դասավանդել է գրաբար, հայերենի պատմահամեմատական քերականություն, ուրարտերեն, ընդհանուր լեզվաբանություն և այս մասնագիտությունների գծով պատրաստել ասպիրանտներ:
1932 թ. Գ. Ղափանցյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում, իսկ 1942 թ. առանց ատենախոսության պաշտպանության` դոկտորի գիտական աստիճան: 1943 թ. նա հաստատվել է ՀԽՍՀ գիտությունների նորաստեղծ ակադեմիայի հիմնադիր անդամ և ընտրվել հասարակագիտական բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար: 1950-1955 թթ. ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ Հր. Աճառայանի անվան լեզվի ինստիտուտը:
Գ. Ղափանցյանի գիտական գործունեության արդյունավետ շրջանն ընդգրկում է 1930-1950-ական թվականները, երբ պարբերաբար լույս էին տեսնում նրա «Chetto Armeniaca»-ն (Եր., 1931), «Ընդհանուր տարրեր ուրարտերեն և խեթերեն լեզուների միջև» (Եր., 1936), «Խեթական աստվածները հայերի մոտ» (Եր., 1940), «Հին Հայաստանի տեղանունների պատմա-լեզվաբանական նշանակությունը» (Եր., 1940), «Արա Գեղեցիկի պաշտամունքը» (Եր., 1945) և շատ այլ աշխատություններ:
Գ. Ղափանցյանը նաև նշանավոր պատմաբան էր ու հնագետ: Նրա լեզվագիտական հետազոտությունները գրեթե միշտ հանգում էին կարևոր պատմական եզրակացությունների, որոնք ամփոփված են մի շարք ծանրակշիռ աշխատություններում: Դրանցից են «Ուրարտուի պատմությունը» (Եր., 1940), «Հայասան հայերի բնօրրան» (ռուս., Եր., 1948), «Հայոց լեզվի պատմություն (հին շրջան)» (Եր., 1961) մենագրությունները:
Գ. Ղափանցյանն զբաղվել է նաև ընդհանուր լեզվաբանության հարցերով՝ այդ ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփելով «Ընդհանուր լեզվաբանություն» (Եր., 1937, 1939) գրքում:
1942 թ. Գ. Ղափանցյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Վախճանվել է 1956 թ. մայիսի 3-ին Երևանում:
Գ. Ղափանցյանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության զարգացման գործում: