![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-12/vahan_arcrowni.png?itok=ylgMPS7b)
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1857 թ. հունիսի 10-ին Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ): Մինչև 8-րդ դասարանը սովորել է Թիֆլիսի 1-ին գիմնազիայում, այնուհետև մեկնել է Փարիզ, ստացել մասնավոր կրթություն և 1885 թ. ավարտել Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը:
1889 թ. վերադարձել է Թիֆլիս և նշանակվել քաղաքի սանիտարական բժիշկ, միաժամանակ աշխատել քաղաքային բուժարանում որպես քիթ-կոկորդի և ականջի հիվադությունների բժիշկ, ըստ որում՝ աղքատ հիվանդներին բուժել է անվճար:
1892–1893 թթ. խոլերայի համաճարակի դեմ պայքարի ակտիվ կազմակերպիչներից էր:
Քաղաքացիական պատերազմի տարիներին եղել է Պյատիգորսկում կարմիրբանակայինների՝ վարակիչ հիվանդությունների համար ստեղծված թիվ 15 հոսպիտալի գլխավոր բժիշկ: 1920 թ. Թիֆլիսի զինվորական հոսպիտալներում աշխատել է որպես խորհրդատու և փորձագետ, եղել Հայաստանի Կարմիր խաչի ընկերության վարչության փոխնախագահ, հետագայում՝ նախագահ:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-12/1._hamals._dasaxos._kazm_1923_tv.jpg?itok=NGTMf2K-)
1922-ից ղեկավարել է ԵՊՀ բժշկական ֆակուլտետի, ապա ԵրԲԻ անատոմիայի ամբիոնները:
1926 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1936 թ.՝ բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Լայն գործունեություն է ծավալել նաև դպրոցականների առողջապահության ասպարեզում և իրավամբ համարվում է դպրոցական հիգիենայի հիմնադիրներից մեկը Հայաստանում: Նրա նախաձեռնությամբ մի շարք դպրոցներում մտցվել է առողջապահության և ֆիզկուլտուրայի դասավանդում:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-12/vahan_arcruni_arajin_parapmunq_bdjshkakan_fakultetun_1922tv._mart.jpg?itok=7h2K8X-n)
Հրատարակել է բժշկական շուրջ 30 հանրամատչելի գրքույկներ և «Առողջապահիկ թերթ»-ը (1903–1905): Դպրոցներում կատարած երկարամյա ուսումնասիրությունների հիման վրա հրատարակել է նաև «Դպրոցական առողջապահություն» (1895) արժեքավոր աշխատությունը:
1922 թ. ապակետիպ հրատարակվել է նրա «Մարդակազմություն» դասագիրքը: Հեղինակել է նաև «Պատրանք» և «Աղջիկը» վեպերը:
Մեծ են նրա ծառայությունները նաև բժշկական տերմինաշինության ասպարեզում: 1924 թ. հրատարակել է «Ռուս-լատին-հայ բժշկագիտական տերմինների բառարան» մեծարժեք աշխատությունը, որը տասնամյակներ շարունակ եղել է բժիշկների և ուսանողների սեղանի գիրքը:
1930 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
1943 թ. պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով:
Վախճանվել է 1947 թ. հուլիսի 29-ին Երևանում:
Նրա բրոնզաձույլ կիսանդրին տեղադրված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում, իսկ Երևանի Փարպեցի փողոցի թիվ 28 շենքի պատին ամրացված է հուշատախտակ:
ԵՊԲՀ-ում նրա անունով է կոչվում իր հիմնադրած Մարդու անատոմիայի թանգարանը, որտեղ պահվում են նրա սիրտը և ուղեղը: