Արքեպիսկոպոս, մանկավարժ
Ծնվել է 1865 թ. մայիսի 7-ին Զանգեզուրի Շիկահող գյուղում: 1882 թ. ավարտել է Շուշիի թեմական, 1885 թ.՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1890 թ.՝ Դորպատի համալսարանը: Մասնագիտական գիտելիքները կատարելագործել է Վիեննայում, Փարիզում, Երուսաղեմում, Լոնդոնում, Բեռլինում, Վենետիկում: 1902 թ. ստացել է հայ բանասիրության մագիստրոսի աստիճան:
Աշխատել է որպես Երևանի թեմի եկեղեցական-ծխական ուսումնարանների տեսուչ, Շուշիի հոգևոր թեմական դպրոցի տնօրեն, Շամախիի հայկական հոգևոր խորհրդի նախագահող անդամ։ 1890–1904 թթ. Խաչիկ Դադյանի արշավախմբի կազմում մասնակցել է Զվարթնոցի պեղումներին։ 1904-ից եռանդուն գործունեություն է ծավալել ցարական կառավարության բռնագրաված եկեղեցական ու վանական ունեցվածքի վերադարձման ուղղությամբ։ 1905–1906 թթ. մասնակցել է Նախիջևանի և Զանգեզուրի գավառների խռովարար մահմեդական բնակչության խաղաղեցմանը և թաթարական ջարդերից տուժած հայերի օգնությունը կազմակերպելու գործին:
1907–1910 թթ. եղել է Կ. Պոլսում, Երուսաղեմում, Հռոմում, Փարիզում, Լոնդոնում, Վենետիկում և ընդգրկվել եկեղեցական դպրոցների ծրագրերի մշակման հանձնաժողովներում, ապա՝ նշանակվել Էջմիածնի Սինոդի անդամ, Գևորգյան ճեմարանի տեսուչ, ձեռնադրվել եպիսկոպոս: 1913–1916 թթ. եղել է Վրաստանի և Իմերեթիայի, 1917թ.՝ Աստրախանի թեմական առաջնորդ:
Առաջին աշխարհամարտի տարիներին գործուն մասնակցություն է ունեցել հայկական կամավորական ջոկատների կազմավորմանը, նյութական և բարոյական աջակցություն ցույց տվել մարտիկներին, վիրավորներին ու փախստականներին, Անդրկասպյան և Թուրքեստանի տարբեր քաղաքներում հանգանակություն է արել հօգուտ արևմտահայ գաղթականների ու որբերի:
1919 թ. հրավիրվել է Հայաստանի նորաբաց համալսարան որպես հայ գրականության և կրոնական մատենագրության առարկաների պրոֆեսոր, եղել է պատմալեզվաբանական ֆակուլտետի առաջին դեկանը: Համալսարանի հանդիսավոր բացման օրը՝ 1920 թ. հունվարի 31-ին, կարդացել է առաջին ակադեմիական դասախոսությունը «Հայ վանքերի նշանակությունը Հայաստանի կուլտուրական գործերում» թեմայով:
1922–1932 թթ. գլխավորել է Պարսկա-Հնդկաստանի թեմը:
Հեղինակ է 130 գիտական աշխատությունների, որոնցից են «Ուղեւորութիւն Տ. Տ. Մկրտիչ Վեհափառ Կաթողիկոսի Ամենայն Հայոց Երուսաղեմից–Էջմիածին» (1894), «Հայ գյուղական տունը» (1894), «Սոկրատայ Սքոլաստիկոսի եկեղեցական պատմութիւն թարգմանեաց Փիլոն Տիրակացի եւ Պատմութիւն վարուց սրբոյ Սեղբեստրոսի եպիսկոպոսին Հռովմայ թարգմանեալ Աբասու Գրիգորի Ձորափորեցւոյ» (1897), «Նկարագրութիւն հոգեւոր վարուց Հովասափու, որդւոյ թագաւորին Հնդկաց»(1897):
Վախճանվել է 1939 թ. հունիսի 3-ին: