- Գլխավոր
- Նորություններ
- ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ
Փետրվար 15, 2019 | 17:07
Գիտություն
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճում այսօր տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ նվիրված Ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Լևոն Մուրադյանի հիշատակին:
Միջոցառմանը ներկա էին Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ուսանողներ, Լևոն Մուրադյանի հարազատները և ընկերները:
Ռաֆիկ Հակոբյանը տեսապատկերի միջոցով ներկայացրեց համալսարանում Լևոն Մուրադյանի հետ ուսումնառության, ինչպես նաև աշխատանքային տարիներից հետաքրքիր դրվագներ:
«Նա ոչ միայն լավ ընկեր էր, այլ մեծ գիտնական: Նա իր կյանքն ապրեց մեծ գիտնականի առաքելությամբ՝ ծառայելով գիտությանն ու հայրենիքին: Անուրանալի է Լևոն Մուրադյանի ներդրումը ժամանակակից գերարագ օպտիկայի և լազերային ֆիզիկայի կարևոր ուղղություններում: Նրա տասնյակից ավելի աշակերտների զգալի մասը հաստատվել և ներկայումս հաջողությամբ աշխատում է հայաստանյան և արտերկրի հայտնի գիտական կենտրոններում։ Մեր նպատակն է ևս մեկ անգամ հիշել և մեծարել անվանի գիտնական ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր, Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիր, գիտական ղեկավար, առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Լևոն Մուրադյանին»,-ասաց ֆակուլտետի դեկանը և հավելեց, որ 2018 թ. նոյեմբերի 29-ին Ֆիզիկայի ֆակուլտետի ՖԳՀԻ գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիան անվանակոչվել է պրոֆեսոր Լևոն Մուրադյանի անվամբ:
Գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար, ֆիզմաթ․ գիտ. թեկնածու Աղավնի Կուտուզյանը տեսապատկերի միջոցով ներկայացրեց պրոֆեսորի անցած ճանապարհը և գիտամանկավարժական գործունեության հիմնական ուղղությունները:
«Լևոն Մուրադյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական հրատարակումների, կիրառական բնույթի աշխատանքների շնորհիվ Լևոն Մուրադյանը ստացել է 10 արտոնագիր գերարագ օպտիկայի և մանրաթելային օպտիկայի բնագավառում, նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են բազմաթիվ ատենախոսություններ: 1991թ. սկսած պրոֆեսոր Մուրադյանը ֆակուլտետում կարդացել է տարբեր դասընթացներ՝ հիմք դնելով նոր ուղղությունների ու կրթական ծրագրերի»,- հավելեց նա:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի վարիչ, ՖԳՀԻ տնօրեն, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռոման Ալլահվերդյանն էլ վերհիշեց համատեղ աշխատանքային տարիներին տեղի ունեցած հումորային դրվագները:
«Նրան սիրում էին ուսանողներն ու ընկերները, նա այն եզակի մարդկանցից էր, որը չէր վարանում ծայրահեղ վիճակներից, փորձարարությունից ու ձախողումներից, փնտրում, գտնում էր նոր ծրագրեր ու տալիս աշխատելու հնարավորություն: Երիտասարդ սերնդի համակրանքը նախևառաջ այս հատկանիշներով էր պայմանավորված»,- ասաց Ռոման Ալլահվերդյանը:
Լևոն Մուրադյանի գիտամանկավարժական գործունեության և կյանքի հետաքրքիր պատմություններով ու հուշերով կիսվեցին նաև ֆակուլտետի դասախոսները, նրա ընկերներն ու նախկին ուսանողները:
Նշենք, որ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր, Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիր, գիտական ղեկավար, առաջատար գիտաշխատող Լևոն Մուրադյանը վախճանվել է 2018 թ. սեպտեմբերի 19-ին: