- Գլխավոր
- Նորություններ
- «ՆՈՐ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՍՆԵԼ ՄԻԱՅՆ ԱՆԴԱԴԱՐ ԿՐԹՎԵԼՈՒ ՇՆՈՐՀԻՎ». ՄԱՐԻԱՄ ՏԱՇՅԱՆ
Փետրվար 28, 2023 | 14:05
Կրթություն
Գիտություն
«ՆՈՐ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՍՆԵԼ ՄԻԱՅՆ ԱՆԴԱԴԱՐ ԿՐԹՎԵԼՈՒ ՇՆՈՐՀԻՎ». ՄԱՐԻԱՄ ՏԱՇՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում ուսումնասիրվում են աշխարհն ու այնտեղ կատարվող իրողությունները: Դրանք գիտականորեն հետազոտելու ձգտումն էլ մեծաթիվ դիմորդների ուղղորդում է դեպի համալսարան:
«Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հասարակագիտական ոլորտում բակալավրի կրթական ծրագրով առաջին տեղի մրցանակակիր Մարիամ Տաշյանը չորս տարի առաջ ընտրել է աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը՝ հետաքրքրված լինելով այդ բնագավառում կատարվող ուսումնասիրություններով ու բացահայտումներով: Նրա խոսքով՝ ուսումնառության տարիներին ճանաչել է այնպիսի մասնագետների, որոնց տված գիտելիքների շնորհիվ յուրաքանչյուր դժվարություն դարձել է հեշտ հաղթահարելի:
«Դասախոսներիս գրանցած հաջողությունները և մասնագիտության հանդեպ անհուն նվիրումն օրինակ են՝ ինչպես ձգտել համալրելու ոլորտի լավագույն մասնագետների շարքերը»,- առանձնակի կարևորում է Մարիամը:
Անդրադառնալով ֆակուլտետից ունեցած իր ակնկալիքներին՝ Մարիամը նշում է. «Մասնագիտության հետ կապված սպասելիքներս գերազանցվեցին: Առհասարակ մի սկզբունք ունեմ, որով առաջնորդվում եմ տարբեր իրավիճակներում, այն է՝ հուսալ լավագույնը, բայց պատրաստ լինել վատագույնին»:
Նրա կարծիքով՝ ոլորտում լուրջ հաջողություններ գրանցելու գործում առանցքային է միջազգային փորձին քաջատեղյակ լինելը, ինչի հնարավորությունն ընձեռում են ֆակուլտետում կազմակերպված տարատեսակ միջոցառումները: Ասում է՝ դրանց շրջանակում կամրջվում են հայ և օտարերկրյա մասնագետների նորարար մտքերը, և հնարավորություն է տրվում նրանց արտասահմանում հանդես գալու ոլորտի զարգացմանն ուղղված սեփական առաջարկներով:
Ասվածի լավագույն օրինակներից են Բուլղարիայում և Վրաստանում «PRO EXTOUR» նախագծի շրջանակում փորձառական զբոսաշրջության վերաբերյալ Մարիամի մշակած ծրագրերը, որոնք կազմելու համար հիմք են դարձել այդ երկրների մշակույթների ուսումնասիրությունները: Ներկայացնելով իր հետազոտությունները՝ Մարիամն այնտեղ աշխատելու և սովորելու տարբեր առաջարկներ է ստացել, սակայն նախընտրել է վերադառնալ Հայաստան՝ ուսումը շարունակելու Երևանի պետական համալսարանում:
Հատկանշական է, որ փորձառական զբոսաշրջությունից զատ՝ Մարիամը հետաքրքրված է նաև սերվիսի բնագավառով և այդ ոլորտում առկա հիմնախնդիրներով: Իր գիտական հոդվածներում ԵՊՀ-ականը ձգտում է նախանշել լուծման այնպիսի ուղիներ, որոնք կնպաստեն Հայաստանում հիշյալ ոլորտների զարգացմանը՝ դառնալով տնտեսության գերակա ճյուղեր:
Ասում է՝ գիտությամբ սկսել է հետաքրքրվել դեռ երկրորդ կուրսից, երբ դարձել է ուսանողական գիտական ընկերության անդամ և հետևելով կառույցի անդամների օրինակին՝ զբաղվել հետազոտական աշխատանքներով:
Մարիամի խոսքով՝ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում գրանցած հաղթանակի շնորհիվ շատ ուսանողների համար ակամա ինքն էլ է օրինակ դառնում:
«Այս պատասխանատու հաղթանակը ենթադրում է ունենալ տարբեր բնագավառներում լավագույնը լինելու ձգտում, ինչը հաջողության հասնելու կարևոր գրավականներից է: Վստահ եմ՝ նոր բարձունքների հնարավոր է հասնել անդադար կրթվելու և ինքնակատարելագործվելու շնորհիվ»,- հավաստիացնում է Մարիամը:
Լավագույն ուսանողը հավելում է՝ հաղթանակից հետո շրջապատի դրական արձագանքը ոգեշնչել է գրանցելու այլ հաջողություններ, որոնք հետագայում հպարտանալու առիթ կլինեն համերկրացիների համար…
Մարինե Մկրտչյան