- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵՍԱԲԱՆ-ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ». ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Նոյեմբեր 16, 2022 | 14:57
Կրթություն
Ուսանողական
«ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵՍԱԲԱՆ-ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ». ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Խաչատուր Մանուկյանը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող է: Նրա հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, գիտական գործունեության, ապագայի ծրագրերի և այլ հարցերի շուրջ:
Պատմում է Խաչատուրը:
Միշտ վստահ եմ եղել, որ ամենապրոֆեսիոնալ և պատրաստված մասնագետները դասավանդում են ԵՊՀ-ում:
Որակյալ կրթություն ստանալու նպատակով ընդունվեցի Երևանի պետական համալսարան: Իմ ընտանիքում գիտությանն ամենամոտը հայրս է, և նրա խորհրդով էլ ընդունվեցի ռադիոֆիզիկայի ֆակուլտետ: Դեռևս առաջին կուրսում, ծանոթանալով մասնագիտությանս, հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել:
Ռադիոֆիզիկան ժամանակակից մասնագիտություն է:
Սովորում եմ կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի բաժնում, մեծ հետաքրքրությամբ եմ ուսումնասիրում այս ոլորտը: Վստահ կարող եմ ասել, որ այն ամենից արագ զարգացող, չափազանց ուշագրավ, ապագայի մեծ հեռանկարներ ունեցող և խիստ արդիական մասնագիտություն է նրանց համար, ովքեր հետաքրքրվում են ֆիզիկական գիտություններով:
Գիտություն, ծրագրավորում, սպորտ. ես ընտրում եմ գիտությամբ զբաղվելը:
Կրթություն ստանալուն զուգահեռ՝ աշխատում եմ որպես ծրագրավորող, հետաքրքրվում եմ էլեկտրոնիկայով, կիսահաղորդիչների ֆիզիկայով: Ի դեպ, բոլորովին վերջերս սկսել եմ գործունեություն կիսահաղորդիչների լաբորատորիայում: Չորս տարեկանից սպորտով եմ զբաղվում, ավելի կոնկրետ՝ սառույցի հոկեյով: Նախասիրություններս շատ են, բայց վերջնական որոշումս կայացրել եմ. ինձ տեսնում եմ գիտության մեջ: Վստահեցնում եմ՝ գիտնականի աշխատանքը մեծ դեր ու նշանակություն ունի մարդկության համար:
Գիտությամբ զբաղվելը ենթադրում է անցնել բարդ ճանապարհ:
Այս ոլորտում սկսնակ եմ, դեռ ուսումնասիրում եմ ռադիոկապը, ալեհավաքները, ընդունիչները, փոխակերպիչները և այլն: Այժմ հիանում եմ գիտնականների կատարած աշխատանքներով ու հայտնագործություններով: Ինձ համար անչափ կարևոր է այն, որ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում ոչ միայն ստանում եմ տեսական գիտելիքներ, այլև հնարավորություն եմ ունենում գիտության ոլորտում պրոֆեսիոնալներից խորհուրդներ հարցնելու և այնպիսի հարցեր տալու, որոնց պատասխանները չկան համացանցում ու գրքերում: Վստահ կարող եմ ասել, որ ԵՊՀ-ում դասավանդում են առաջատար տեսաբան-գիտնականներ:
Ցանկանում եմ իմ ավանդը ներդնել Հայաստանում տեխնոլոգիական զարգացման մեջ:
Գիտության մեջ որոշակի քայլեր արդեն կատարել եմ: Համոզված եմ՝ գիտելիքներ ձեռք բերելու, զարգանալու, հաջողության հասնելու համար անհրաժեշտ է միայն ամուր կամք:
Կարինե Հովհաննիսյան