- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՊԱՏՆԵՇ ՉԿԱ, ԵԹԵ ԴՈՒ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՍ ԻՆՔԴ ՔԵԶ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՅՈՒՔԻՆՅԱՆ
Նոյեմբեր 01, 2022 | 13:45
Կրթություն
Ուսանողական
«ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՊԱՏՆԵՇ ՉԿԱ, ԵԹԵ ԴՈՒ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՍ ԻՆՔԴ ՔԵԶ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՅՈՒՔԻՆՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Հովհաննես Յուքինյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կրթություն է ստանում Էվորայի համալսարանում (Պորտուգալիա): Նրա հետ զրուցել ենք ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, արտերկրում ուսանելու և այլ թեմաների շուրջ:
Պատմում է Հովհաննեսը:
Երևանի պետական համալսարանի ուսանող լինելը մեծ պատիվ է ինձ համար:
Հիշում եմ այն ճանապարհը, որն անցա ԵՊՀ ընդունվելու համար, քանի որ այլ կրթական հաստատությունում ինձ չէի պատկերացնում: Երևանի պետական համալսարանն ինձ համար պարզապես կրթօջախ չէ, այլ մեծ ու անգնահատելի արժեք: Այն ինձ տվել է լավագույնս ինքնադրսևորվելու հնարավորություն, ինչպես նաև գիտելիքներ, որոնք կարող եմ կիրառել ոչ միայն մասնագիտական, այլև ցանկացած այլ ոլորտում:
Երևանի պետական համալսարանն արտերկրում ներկայացնելը շատ պարտավորեցնող է:
Թեպետ այստեղ՝ Էվորայում, ես միակ հայ ուսանողն եմ, սակայն, ի զարմանս և հուրախություն ինձ, բոլորը տեղեկացված են Հայաստանից և ունեն ձևավորված դրական կարծիք մեր՝ հայերիս մասին: Շատերն են ցանկություն հայտնում Հայաստան գալու, մեր երկիրը բացահայտելու, հատկապես ԵՊՀ-ի կրթական և ուսանողական միջավայրին ծանոթանալու, ուսանողին ամեն հարցում մշտապես աջակցող պրոֆեսորադասախոսական կազմի հետ շփվելու համար, քանի որ ես այստեղ շատ եմ պատմում այդ ամենի մասին:
ԵՊՀ-ն իր ուրույն տեղն ու դերն ունի ուսումնառությունս Էվորայում շարունակելու գործում:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ձեռք բերած փորձառությունն ու գիտելիքներն են, որ օգնում են նպատակներիս իրագործմանը: Վստահ եմ, որ համալսարանը շատերին է օգնելու. անհրաժեշտ է որոշել և ի կատար ածել այն, ինչ միտքդ թելադրում է: Իհարկե, դժվարություններն անպակաս են, բայց ոչ մի անհաղթահարելի պատնեշ չկա, եթե դու հավատում ես ինքդ քեզ: ԵՊՀ բոլոր ուսանողներին խորհուրդ եմ տալիս օգտվել համալսարանի ընձեռած հնարավորություններից, հավատալ սեփական ուժերին և վստահ քայլել առաջ:
Հստակ որոշել եմ՝ հայրենիք վերադառնալուց և հարազատ համալսարանն ավարտելուց հետո կրթական երկու հաստատություններում ստացած գիտելիքներս կիրառելու եմ՝ ի նպաստ մեր պետության:
Կարինե Հովհաննիսյան